Որոնք էին իրավիճակը լարելու Ադրբեջանի շարժառիթները

Լուսանկարում՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթված տարածքում կառուցվող ճանապարհը դեպի Շուշի։

Օգոստոսի 1-ին Արցախի պաշտպանության բանակը հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի հյուսիսային և հյուսիսարևմտյան առաջնագծի մի շարք հատվածներում խախտել են հրադադարի ռեժիմը՝ փորձելով հատել շփման գիծը: Ռազմական սրացման առաջին օրը վերոնշյալ հատվածների գրեթե ողջ երկայնքով ակտիվ փոխհրաձգություն էր ընթանում, ինչի արդյունքում վիրավորվել է մեկ հայ զինծառայող:

Հակամարտության գոտում այս նոր էսկալացիայի ամենթեժ օրը սակայն օգոստոսի 3-ն էր: Ադրբեջանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ հասցրին Պաշտպանության բանակի դիրքին Շուշիի շրջանի Եղցահող գյուղի մոտակայքում, ինչպես նաև Մարտակերտի շրջանում տեղակայված զորամասերից մեկի ռազմական տեխնիկային: Այս գործողությունների արդյուքնում հայկական կողմն ունի երկու զոհ և 19 վիրավոր: Կան պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկություններ նաև Ադրբեջանի սպանված զինծառայողների վերաբերյալ:

Իրավիճակը հակամարտության գոտում շարունակում է լարված մնալ: Շփման գծի մի շարք հատվածներում ադրբեջանական զորքերի ու ռազմական տեխնիկայի կուտակումներ կան: Արդեն իսկ կարելի է արձանագրել, որ օգոստոսյան այս սրացումը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո ամենալուրջ էսկալացիան է Լեռնային Ղարաբաղում:

Ադրբեջանը ռազմական այս սրացմամբ վերջ է տվել տարածաշրջանում հարաբերական այն անդորրին, որը հաստատվել էր Փառուխի էսկալացիայից հետո` Եվրամիության ակտիվ ջանքերով: Այս սրացումը այդ առումով նաև բանակցային գործընթացում առկա լճացման ուղիղ հետևանք է և բավական կանխատեսելի էր:

Ադրբեջանի իշխանությունները պաշտոնական մակարդակով երկու հիմնական պատճառաբանություն են առաջ քաշում իրենց ագրեսիվ գործողությունները արդարացնելու համար: Բաքուն պնդում է, որ հայկական կողմը չէր ցանկանում կատարել Լաչինի միջանցքի այլընտրանքային ուղուն անցնելու իր պարտավորությունը: Ադրբեջանական կողմը վերջին ամիսների ընթացքում այլընտրանքային այդ ճանապարհի ակտիվ շինարարություն էր իրականացնում: Հայաստանը պետք է կառուցի այդ ճանապարհի այն հատվածը, որը անցնում է Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղով, սակայն այդ հատվածի շինարարությունը դեռ չի սկսվել: ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, որ ճանապարհի Կոռնիձորրի հատվածը պատրաստ կլինի գարնանը:

Ակնհայտ է, որ այս փուլում Ադրբեջանի գլխավոր խնդիրներից մեկը Լաչին քաղաքի նկատմամբ վերահսկողության հաստատումն է: Այդ առումով Բաքվի նոր էսկալացիան նպատակ է հետապնդում պարտադրել Հայաստանին ավելի արագ քայլերի դիմել այլընտրանքային ճանապարհին անցնելու գործընթացում: Արդեն իսկ կան որոշ տեղեկություններ, որ մինչև Կոռնիձորի հատվածի շինարարության ավարտը կողմերի միջև այս խնդրի համար ժամանակավոր լուծում է գտնվել:

Այս նոր էսկալացիան արդարացնող ադրբեջանական մյուս փաստարկն այն է, որ Լեռնային Ղարաբաղում շարունակում են տեղակայված լինել Հայաստանի Հանրապետության զինված ստորաբաժանումներ, որոնք պետք է դուրս հանվեն: Այս պատումը վերջին շրջանում ակտիվորեն տարածվում էր Ադրբեջանի իշխանությունների ու փորձագիտական շրջանակների կողմից: Ադրբեջանի այս մեղադրանքը շաբաթներ առաջ հաստատել էր նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հայտարարելով, որ պատերազմի ավարտից հետո էլ Արցախում շարունակում են տեղակայված լինել հայաստանյան զինված ստորաբաժանումները, որոնց դուրսբերման գործընթացը պետք է ավարտվի սեպտեմբերին:

Գրիգորյանի այդ հայտարարությունը ենթադրաբար արվել էր ռազմական նոր էսկալացիան կանխելու համար: Սակայն, ինչպես և զգուշացրել էինք, այդ խիստ խնդրահարույց հայտարարությունը ոչ միայն նպաստեց ադրբեջանական նոր էսկալացիային, այլև լեգիտիմացրեց այն:

Օգոստոսի 4-ին կառավարության նիստում իր ելույթի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարեց, որ Արցախում ՀՀ զինծառայող չկա: Այնուամենայնիվ, դա խիստ ուշացած հայտարարություն էր: Ավելին, դժվար է ակնկալել, որ ՀՀ իշխանությունների կողմից արվող հայտարարությունները կարող են լուրջ ընդունվել միջազգային հանրության կողմից, երբ նույն հարցի վերաբերյալ երկուսուկես շաբաթվա կտրվածքով այսպիսի իրարամերժ պնդումներ են արվում:

Հակամարտության գոտում նոր էսկալացիայի մասին խոսելիս դժվար է շրջանցել Ռուսաստանի դերակատարության թեման: Ռազմական այս սրացումը տեղի է ունենում ռուս-ադրբեջանական հարաբերություններում մեղրամսի ֆոնին: Այս մերձեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ադրբեջանի նշանակությունը զգալիորեն աճել է Ռուսաստանի համար:

Ռուս-ադրբեջանական մեղրամսի առկայությունը, իհարկե, չի նշանակում, որ ռազմական այս նոր էսկալացիան տեղի է ունեցել Մոսկվայի համաձայնությամբ: Այս հանգամանքը, սակայն, կարող էր նպաստել, որ Բաքուն իր որոշումներում ավելի համարձակ ու ինքնավստահ լիներ` գիտակցելով, որ Ռուսաստանն այս փուլում կոշտ արձագանքի հնարավորություն չունի: Այդ առումով հայկական կողմի համար կարևոր է հասկանալ ու հստակեցնել, թե որոնք են Ռուսաստանի կարմիր գծերը Լեռնային Ղարաբաղում, որպեսզի մեր ակնկալիքներն ու անելիքները ևս պարզ լինեն:

Մեկնաբանել