Հայաստանի իշխանությունները Ադրբեջանին նորանոր զիջումների մեղքը փորձում են բարդել ռուսների վրա

Լուսանկարում՝ հատված Լաչին քաղաքը շրջանցող ճանապարհից, որն Ադրբեջանը կառուցել է հայկական օգտագործման համար։ Ճանապարհը սկիզբ է առնում ՀՀ սահմանի Կոռնիձորի հատվածից և միանում Արցախի Բերդաձորի շրջանին՝ անցնելով Հին Շեն և Մեծ Շեն գյուղերով։

Մինչ պետության ճակատագրով հետաքրքվող հայ հասարակության փոքրաթիվ հատվածը փորձում է հասկանալ վերջին օրերին Արցախում կատարված դեպքերի պատճառահետևանքային կապերը, Հայաստանի իշխանությունները շարունակում են Արցախում տեղի ունեցող իրադարձություններում ռուս խաղաղապահներին մեղադրելու քաղաքականությունը՝ անուղղակիորեն նպաստելով Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճին:

Վերջին ամիսներին, մինչ Ադրբեջանը ինտենսիվ իրականացնում էր Բերձոր քաղաքը (Լաչին) շրջանցող նոր ճանապարհի շինարարությունը, այդ թվում՝ Արցախում հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներում, Հայաստանի և Արցախի իշխանությունները խորհրդավոր լռություն էին պահպանում դեպքերի հետագա ընթացքի վերաբերյալ: Ադրբեջանի դիրքորոշումը բավականաչափ հստակ էր՝ նոր ճանապարհի շինարարության ավարտից հետո հայ բնակչությունը պետք է դուրս գա Լաչինչց և հարակից բնակավայրերից, իսկ Ղարաբաղ մեկնողները պետք է օգտվեն նոր ճանապարհից:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը չէր կարող Արցախում հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներում ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնել առանց Արցախի և Հայաստանի իշխանությունների հետ ձեռք բերված առնվազն բանավոր պայմանավորվածությունների:

Հստակ է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները առնվազն տեղյակ էին, որ հուլիսի վերջին Ադրբեջանը պահանջելու է հանձնել Բերձորը, հարակից բնակավայրերը և դադարեցնել Հայաստանն Արցախին կապող գործող ճանապարհի օգտագործումը: Այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունները վերջին ամիսներին փաստացի չեն սկսել Հայաստանի տարածքում նոր ճանապարհի շինարարությունը՝ միևնույն ժամանակ հրապարակային հայտարարելով, որ Բերձորը և հարակից գյուղերը հանձնվելու են Ադրբեջանին:

Արդեն հուլիսի վերջին ավարտելով շուրջ 32 կմ երկարությամբ մինչև ՀՀ սահման ձգվող ճանապարհի շինարարությունը՝ Ադրբեջանը պահանջեց դուրս բերել հայ բնակչությունը նշված բնակավայրերից և երթևեկությունը կազմակերպել նոր երթուղով: Դրան ի պատասխան օգոստոսի 3-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ Ադրբեջանի այդ պահանջը լեգիտիմ չէ, քանի որ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը չեն համաձայնեցրել նոր երթուղու կառուցման պլանը:

Այս հայտարարությունը մի շարք հարցեր է առաջացնում:

– Եթե չկար համաձայնեցված պլան, ապա ինչու են Հայաստանի և Արցախի իշխանությունները թույլատրել Ադրբեջանին շինարարական աշխատանքներ կատարել Արցախի հայկական վերակսողության տակ գտնվող տարածքներում:

– Ինչո՞ւ նոր ճանապարհի շինարարության ամբողջ ընթացքում Հայաստանը և Արցախը պաշտոնապես չեն հայտարարել, որ Ադրբեջանի կողմից ճանապարհի շինարարությունը համաձայնեցված չէ, հետևաբար՝ այն ապօրինի է, ուստի Հայաստանն ու Արցախը չեն օգտվելու այդ ճանապարհից:

Միևնույն ժամանակ, Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունից ընդամնեը մեկ օր առաջ՝ օգոստոսի 2-ին, Կոռնիձոր գյուղում սկսվել էին ճանապարհի Հայաստանի տարածքում գտնվող հատվածի շինարարական աշխատանքները, ինչը ևս խոսում է այս հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա որոշակի համաձայնությունների մասին:

Օգոստոսի 3-ին Ադրբեջանը ռազմական նոր էսկալացիայի դիմեց, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցավ կորոստներ, իսկ որոշ տեղեկությունների համաձայն, ադրբեջանական ուժերը գրավեցին մի շարք բարձունքներ: Ադրբեջանական նոր էսկալացիայից հետո Հայաստանի վարչապետը հերթական անգամ ստեղծված իրավիճակում մեղադրեց ռուս խաղաղապահներին, իսկ արդեն օգոստոսի 5-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Բերձորից ու հարակից բնակավայրերից հայ բնակչությունը պետք է հեռանա մինչև օգոստոսի 25-ը: Արցախի իշխանությունների հայտարարությունների համաձայն, քանի որ Տեղից մինչև Կոռնիձոր ճանապարհը պատրաստ կլինի 2023-ի գարնանը, մինչ այդ Հայաստանից Արցախ և հակառակ ուղղությամբ երթևեկողները պետք է օգտվեն մի քանի կիլոմետր երկարությամբ գրունտային ճանապարհից:

Ստեղծված իրավիճակի վերլուծությունը վկայում է, որ ամենայն հավանականությամբ՝ տեղյակ լինելով Ադրբեջանի մտադրությունների և օգոստոսի սկզբին Բերձորը և հարակից բնակավայրերը հանձնելու պահանջի մասին, Հայաստանի իշխանությունները որոշել են սպասել Ադրբեջանի քայլերին և խաղաղապահների արձագանքին: Գուցե եղել են հույսեր, որ Ադրբեջանի կողմից ռազմական ճնշում իրականացնելու դեպքում կլինի խաղաղապահների կոշտ արձագանք, ինչը հնարավորություն կտա հրաժարվել Ադրբեջանի պահանջների կատարումից: Հակառակ դեպքում, Բերձորի և հարակից բնակավայրերի հանձնման մեղավոր կարելի է հռչակել ռուս խաղաղապահներին, որոնք չեն կատարել իրենց պարտականությունները և Հայաստանի իշխանություններին այլ ելք չեն թողել, քան կատարել Ադրբեջանի պահանջները:

Մեղադրանքները Ռուսաստանին չեն ավարտվում միայն խաղաղապահներով

Ռուսաստանին ուղղված մեղադրանքները, սակայն, չեն ավարտվում միայն խաղաղապահների մակարդակով: Օգոստոսի 5-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմը Հայաստանից կոնկրետ առաջարկներ չի ստացել ռուս խաղաղապահների գործողությունների արդյունավետության բարձրացման վերաբերյալ՝ ի պատասխան մեկ օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղապահներին ուղղված քննադատության: Նույն օրը երեկոյան Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան գրառում արեց՝ նշելով, որ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները ՌԴ բարձրագույն ղեկավարությանն են փոխանցվել դեռևս 2021-ի փետրվարին:

Լավրովին փաստացի «ստախոս» են որակում

Փաստացի, Հայաստանի ԱԳՆ խոսնակը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ և Հարավային Կովկասում առաջնային դիրք ունեցող պետության արտգործնախարարին ֆեյսբուքյան գրառմամբ մեղադրում է ստախոսության մեջ: Մի կողմ թողնելով հարցի արարողակարգային կողմը՝ հարկ է նշել, որ այս պահվածքն առնվազն տարօրինակ է: Պետք չէ մոռանալ, որ 2020-ի պատերազմից հետո Ռուսաստանը ոչ միայն արցախահայության անվտանգության միակ երաշխավորն է, այլև հենց ՀՀ իշխանությունների խնդրանքով ռուսական հավելյալ ուժեր են տեղակայվել ՀՀ – Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում՝ Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժումներ թույլ չտալու նպատակով:

Այս իրավիճակը հիշեցնում է 2020-ի ապրիլը, երբ Հայաստանի ԱԳՆ մեկ այլ խոսնակ Լավրովին կրկին փաստացի մեղադրել էր ստախոսության մեջ՝ հայտարարելով, որ Հայաստանը 2018-ի ապրիլից սկսած բանակցություններ չի վարել Ղարաբաղյան հարցի կարգավորման փուլային որևէ տարբերակի շուրջ: Մինչդեռ, արդեն 2020-ի պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ 2018-ի ապրիլից հետո բանակցային սեղանին դրված տարբերակը ենթադրել է փուլային կարգավորում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս տարածքների հանձնմամբ:

Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը կարծես թե միտված է Ադրբեջանին արվող նորանոր զիջումների մեղքը հիմնականում ռուս խաղաղապահների և Ռուսաստանի վրա բարդելուն: Հայաստանի հասարակությանն ուղերձներ են հղվում այն մասին, որ առկա են հակահայկական ռուս-ադրբեջանական կամ ռուս-ադրբեջանա-թուրքական պայմանավորվածություններ, որոնց Հայաստանի իշխանությունները պարզապես չեն կարող դիմադրել: Հետևաբար, Արցախի հարցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նորանոր պահանջների՝ Հայաստանի կողմից անվերապահ կատարման հիմնական մեղավորը Ռուսաստանն է: Նշված քաղաքականությունը գուցե ճիշտ է Հայաստանի ներսում սեփական վարկանիշի անկում թույլ չտալու համատեքստում, սակայն այն որևէ կերպ չի նպաստում ՀՀ անվտանգային մակարդակի բարձրացմանը: Ռուս խաղաղապահների շարունակական վարկաբեկումը և հայ-ռուսական հարաբերություններում անընդհատ լարվածության օջախների ստեղծումը դժվար թե նպաստի Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային սպառնալիքների չեզոքացմանը:

Մեկնաբանել