Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները հերքում են Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունները, թե հայկական կողմերը կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտարարելով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նախորդ մի քանի օրերին գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը»,- ասված է Հայաստանի պաշտպանական գերատեչսության հաղորդագրությունում։
Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։
Արցախի պաշտպանության բանակը ևս հերքում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունը։ Ըստ ՊԲ-ի՝ որոշ ուղղություններում հենց ադրբեջանական զինուժն է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
«Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ էական միջադեպեր չեն արձանագրվել։ Չնայած հարաբերական կայունությանը՝ լարվածությունը պահպանվում է։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են աշխատանքներ իրականացվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ»,- նշված է ՊԲ հաղորդագրության մեջ։