Հայ-իրանական սահմանին ստեղծվել է լարված իրավիճակ․ Ռուսաստանի սահմանապահ վարչություն

Վերջին շրջանում հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ, որը պայմանավորված է Իրանից Հայաստան թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի (հաշիշ, մեթամֆետամին, հերոին) ապօրինի տեղափոխման փորձերի ավելացմամբ: Այս մասին «Լուրերին» հայտնել են Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից։

Նշվում է, որ բացի այդ՝ արձանագրվում են ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից Հայաստանի պետական սահմանի խախտման դեպքեր։ 2021 թ․ Մեղրիի սահմանապահ ջոկատի հատվածում ռուս սահմանապահները ձերբակալել են երկու զինյալներ՝ զենքով, նռնականետներով և մեծ քանակությամբ զինամթերքով, որոնք ապօրինի կերպով մուտք էին գործել Իրանից:

«Հայաստանի անվտանգության ապահովման նպատակով, «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ կառավարության, Ազգային անվտանգության ծառայության և այլ իրավասու մարմինների հետ համաձայնեցմամբ՝ ընթացիկ տարվա սկզբից կազմավորվել են սահմանային հսկողության ծառայության իրականացման մի շարք կահավորված դիրքեր՝ ընտրողական (իսկ սահմանախախտների որոնման և հետապնդման դեպքում՝ առանց բացառության) միջոցառումներ իրականացնելու անձանց և տրանսպորտային միջոցների նկատմամբ՝ մաքսանենգության, անօրինական միգրացիայի և այլ իրավախախտումների փաստերի հայտնաբերման, կանխման և խափանման նպատակով: Սահմանային գոտում տեղաշարժվող քաղաքացիներին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ իրավապահ մարմինների օրինական պահանջներին»,- նշել են Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունից։

Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչությունը Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ պետական ​​սահմանի պաշտպանությունն իրականացնում է «ՀՀ տարածքում տեղակայված Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» միջպետական պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է երկու երկրների միջև 1992 թվականին:

Ավելի վաղ Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ Մեղրիում ռուս սահմանապահները մոտ 8-9 ամիս առաջ Արաքսի ափին 5 մոդուլային հենակետեր են տեղադրել։