Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ԼՂ շուրջ զարգացումները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։

Ըստ հաղորդագրության՝ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումները, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման հարցը:

«Այս համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը»,- տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

***

Oգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհվել է ՊԲ երկու զինծառայող, ևս 19 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։

Ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքի էին դիմել նաև օգոստոսի 1-ին՝ Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում։ Ադրբեջանական կողմը շփման գիծը հատելու փորձեր էր կատարել, որոնք կասեցվել էին ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Մեկնաբանել