Հեղափոխության մոռացված խոստումներն ու ձախողված բարեփոխումները

2018-ի հեղափոխությունից հետո ներկայացվեցին ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և արմատական բարեփոխումների մի շարք օրակարգեր, առանց որոնց պետական կառավարման համակարգն ու դրա հիմնական շարժիչ մեխանիզմը՝ կոռուպցիան, հաղթահարել անհնար էր լինելու, մինչդեռ չորս տարի անց փորձագիտական հանրույթն ու քաղհասարակության ներկայացուցիչները պնդում են, որ հեղափոխության հիմնական օրակարգերը, հատկապես անցումային արդարադատությունն ու վեթինգը, տապալվել են։

Անցումային արդարադատություն. թղթի վրա մնացած արդարադատությունը

«Մեր դատական համակարգի այսօրվա վիճակն արձանագրելով՝ առաջիկայում լուրջ քննարկում ունենանք և որոշում կայացնենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ»,- 2018-ի օգոստոսի 17-ի հանրահավաքին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը սկիզբ դրեց անցումային արդարադատության վերաբերյալ քննարկումներին։ Դրանք որոշակի փուլում թեժացան, սակայն ի վերջո իշխանությունը «ձանձրացավ» կամ, գուցե ավելի ճիշտ՝ համակերպվեց իրավիճակի հետ ու որևէ գործնական քայլ չիրականացրեց։

Անցումային արդարադատության ինստիտուտը դատական և արտադատական, տվյալ պետության գործող օրենսդրությամբ կամ նոր օրենքների միջոցով կիրառվող մեխանիզմների համալիր է։ Այն կիրառել են ռեպրեսիվ ռեժիմից ու քաղաքացիական պատերազմից դուրս եկած պետությունները և ոչ միայն։ Պարզ ասած՝ այս ինստիտուտը ենթադրում է նոր մարմինների ստեղծում ու օրենքների ընդունում, որոնք չեն եղել տվյալ երկրի օրենսդրությունում և որոնք գալիս են լրացնելու այն բացը, որը գոյություն ունեցող իրավապահ և դատական մարմինները չեն կարողանում լրացնել։

Անցումային արդարդատության միջազգային կենտրոնը առաջարկում է չորս հիմնական ուղղություն․

Քրեական հետապնդում առնվազն նրանց հանդեպ, ովքեր կրում են ամենամեծ պատասխանատվությունը առավել ծանր հանցագործությունների համար;

Մարդու իրավունքների խախտումներով «ճշմարտություն հաստատող» (կամ փաստահավաք) գործընթացներ՝ ոչ դատական մարմինների կողմից: Դրանք կարող են լինել բազմազան, բայց հաճախ ուսումնասիրում են ոչ միայն բուն իրադարձությունները, այլև դրանց պատճառներն և հետևանքները;

Մարդու իրավունքների խախտումների հատուցման տարբեր ձևեր` անհատական, հավաքական, նյութական և խորհրդանշական; Օրենքների և հաստատությունների բարեփոխումներ, այդ թվում՝ ոստիկանության, դատական համակարգի, ռազմական և ռազմական հետախուզության ոլորտներում։

Վարչապետի հայտարարությունից հետո արդարադատության այդ ժամանակվա նախարար Արտակ Զեյնալյանը շտապեց հանգստացնել դատական համակարգին, որ որևէ գործողություն չի իրականացվելու Սահմանադրությանն ու օրենքներին հակառակ։ Նա նշեց, որ Հայաստանն օգտվելու է այլ երկրների անցումային փորձից՝ չկրկնելով նրանց սխալները։

Անցումային արդարադատությունը ներհայաստանյան քաղաքական դաշտում օրակարգային էր ինչպես 2018-ին, այնպես էլ 2019-ի սկզբին՝ դիտարկվելով որպես արդարության վերականգնման հիմնական գործիք, ներառվելով անգամ 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում։

2019-ի մայիսի 24-ին արդեն նորընտիր Ազգային ժողովում անցկացվեցին «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներ։ Լսումների ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ելույթում հիմնական շեշտը դրեց դատական համակարգի վրա՝ ընդգծելով, որ «անցումային արդարադատության նպատակը վերջնական անկախ դատական համակարգի ձևավորումն է»։

«Անցումային արդարադատությունը պիտի օրենսդրական, օրինական ճանապարհով աջակցի, մաքրի, զտի, կայացնի գործող դատական համակարգը»,- ասում էր Միրզոյանը։

Անցումային արդարադատության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից ուղիղ մեկ տարի անց՝ 2019-ի օգոստոսին, արդարադատության նախարարությունը օրակարգ բերեց դրա գործիքներից մեկը՝ այն ներառելով դատաիրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարությունում։

«1991-2018-ի մայիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում պարբերաբար տեղի են ունեցել մարդու իրավունքների զանգվածային խախտումներ՝ զուգակցված երկրում համակարգային և քաղաքական կոռուպցիայի երևույթների կայուն առկայությամբ»,- այդ փաստաթղթում արձանագրում էր գերատեսչությունը։

Նախարարությունը ցանկանում էր ստեղծել փաստահավաք հանձնաժողով՝ առավելագույնը 20 անդամից կազմված, որը կհավաքեր այդ խախտումների մասին տվյալները և կուսումնասիրեր դրանք, սակայն որևէ մեկին պատասխանատվության ենթարկելու իրավասություն չէր ունենալու։

Ռազմավարության՝ 2019-2020թթ․ գործողությունների ծրագրի համաձայն՝ 2019-ի 2-րդ կիսամյակում պետք է «Փաստահավաք հանձնաժողովի կարգավորման կարգի և գործունեության մասին» օրենքի նախագիծ մշակվեր, իսկ հաջորդ տարի այն ներկայացվեր ԱԺ։ Նույն փաստաթղթի 2021-2023թթ․ գործողությունների ծրագրով էլ արդեն 2023-ին փաստահավաք հանձնաժողովը լիարժեք պետք է գործեր։ 2020-ի մայիսի 26-ին համապատասխան օրինագիծը շրջանառվեց իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում, սակայն սկզբում կորոնավիրուսի համաճարակը, այնուհետև՝ պատերազմը խախտեցին գործադիրի ծրագրերը և օրինագիծը չմտավ խորհրդարանի օրակարգ։

Այդուհանդերձ, պատերազմից հետո անգամ կառավարությունը հետամուտ չեղավ անցումային արդարադատության հիմնական գործիքակազմի ներդրմանը, թեև հարկ է արձանագրել, որ առ այսօր 2019-2023 թվականների ռազմավարությունն ուժի մեջ է։ Այդ փաստաթղթի թիրախներից մեծամասնությունը չի իրագործվել, խոսքը անցումային արդարադատության գործիքակազմի մասին է։

2022-ի մարտի 11-ին հանրային քննարկման դրվեց Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը։ Այս փաստաթուղթում ևս կար անցումային արդարադատության գործիքներից միայն մեկի՝ փաստահավաք խմբի ստեղծման մասին գաղափար, ընդ որում՝ այն կրկնում էր նախկին փաստաթուղթը, որոշ հատվածներում՝ բառացի։

Այս ռազմավարության գործողության ծրագրով էլ արդարադատության նախարարությունն ամեն ինչ սկսում է զրոյից։ Ըստ ծրագրի՝ փաստահավաք գործառույթներ իրականացնող մարմնի վերաբերյալ օրենսդրական նախագծերի փաթեթը պետք է մշակվի և քննարկվի 2023-ի 1-ին կիսամյակում, իսկ գործի՝ 2-րդ կիսամյակում։

Արդյոք պետությանը այս անգամ կհաջողվի՞ անցումային արդարադատության թեկուզ մեկ գործիքակազմ ամբողջությամբ ներդնել՝ դժվար է ասել, սակայն փաստ է, որ անցումային արդարադատության օրակարգը այն տեսքով, ինչ խոսվում էր 2018-ին և 2019-ին, ձախողվել ու մոռացվել է։

Խոստացված ու ձախողված վեթինգը՝ որպես դատական համակարգի առողջացման գործիք

«Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»,- 2019-ի մայիսի 20-ին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սկիզբ դնելով «vetting»-ի քննարկմանը։ Այս անգամ իշխանությունը սկսեց կենտրոնանալ անցումային արդարադատության կոնկրետ մի գործիքակազմի՝ վեթինգի վրա։

«Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես կոչված vetting-ի»,- շեշտում էր գործադիրի ղեկավարը: Նրա «զայրույթը» նաև պայմանավորված էր դատական համակարգի հայտնի որոշմամբ․ մայիսի 18-ին առաջին ատյանի դատարանը որոշել էր ազատ արձակել Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին ու գործի քննությունը կասեցնել, գործն էլ ուղարկել Սահմանադրական դատարան։ Վեթինգը կյանքի կոչելու համար Նիկոլ Փաշինյանը ազդարարել էր 5 քայլ:

Այս նախաձեռնությունն, ի տարբերություն անցումային արդարադատության, ավելի լայն թափով էր ընթանում, բայց այդ ճանապարհին գործադիրը հասկացավ, որ վեթինգ՝ իր բուն ու իսկական իմաստով, իրականացնել չի կարող։

Նախ 2019-ի օգոստոսի 29-ին արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ դրեց ՀՀ դատական և մի քանի այլ օրենսգրքերում ու օրենքներում փոփոխությունների փաթեթ, որը նախատեսում էր ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ։ Նախագծի հեղինակները վստահ էին, որ այս փոփոխությունները «կօգնեն դատական ոլորտում կոռուպցիայի և խնամի-ծանոթ–բարեկամ երևույթի դեմ արդյունավետ պայքար տանել, բացառել դատարանների կողմից անօրինական որոշումների կայացումը և մարդու իրավունքների անտեսումը։ Նոր կարգը թույլ կտա նաև չխախտել անկախ դատական համակարգի սկզբունքը»։

Հենց այդ ժամանակ էլ գերատեսչությունը հրաժարվեց «վեթինգ» տերմինից, այն գնալով սկսեց պակասել նաև վարչապետի ու մյուս պաշտոնյաների խոսույթում։ Նախագիծն ի վերջո ընդունվեց, բայց ոչ մի փորձագետ այդպես էլ չհամաձայնեց, թե սա նույն վեթինգն է կամ էլ այս փաթեթով լինելու է այն, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Փոխարենը, հենց արդարադատության նախարարը խոստովանեց, որ վեթինգ չի լինելու։

Վեթինգի հայտնի հայտարարությունից շուրջ մեկ տարի անց վարչապետի հետ աշխատանքային քննարկման ընթացքում Փաշինյանը նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս ազատվել «վատ» դատավորներից, ինչին ի պատասխան՝ նախարարը ներկայացրեց բարեվարքության ինստիտուտը, այնուհետև անդրադարձավ վեթինգին՝ նշելով, որ նախապես դիտարկվել է վեթինգի ալբանական տարբերակը, բայց դա իրագործել հնարավոր է միայն Սահմանադրության փոփոխությամբ, չնայած այս պնդման հետ համաձայն չէին իրավապաշտպան բազմաթիվ հասարակական կառույցների փորձագետները։

«Կա տարբերություն ալբանական վեթինգի և հայկական վեթինգի միջև։ Եթե մենք ուզում ենք այդ ճանապարհով գնալ, ապա նշանակում է՝ ամբողջ դատական համակարգի դատավորներին ստուգել միաժամանակ։ Սա անելու համար միանշանակ պետք են Սահմանադրական փոփոխություններ, առանց որոնց հնարավոր չէ իրականացնել համատարած վեթինգ»,- նշեց նախարարը։

2014-ին, երբ Ալբանիան ձեռք էր բերել ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ, Եվրամիությունը երկրին ներկայացրել էր մի քանի պայմաններ, այդ թվում՝ վեթինգ իրականացնելու։ Ալբանիան փոխել էր Սահմանադրությունը ու ընդունել վեթինգի մասին օրենք՝ ստեղծելով Սահմանադրությամբ դատական ատյանին հավասարեցված կարգավիճակ ունեցող հատուկ մարմին, ինչպես նաև վերաքննության կարգով դատավորների ու դատախազների վեթինգի հետ կապված վեճերը քննարկող մեկ այլ մարմին։ Որդեգրվել էր հետևյալ քաղաքականությունը՝ բոլոր դատավորները և դատախազները պետք է ենթարկվեն վեթինգի 3 ասպեկտներով՝ ակտիվ վերագնահատում (եկամուտներ, ծախսեր, ունեցվածքև այլն), կազմակերպված հանցավորության հետ ունեցած կապերի բացահայտում և որակավորման ստուգում (առավել մանրամասն՝ այստեղ)։

Հետագայում արդարադատության նախարարության քաղաքականությունը ամրապնդվեց, այն շարունակվեց նաև նախկինում՝ Մարդու իրավունքների պաշտպան աշխատած ժամանակահատվածում, դատական կաշառքի սակագների մասին աղմկահարույց զեկույցով հանդես եկած Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման ընթացքում։

«Կողքից ամեն ինչ շատ հեշտ է թվում»,- մի առիթով ասել էր արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

Երբ Արդարադատության նախարարությունը 2022-ի մարտին հանրային քննարկման դրեց Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը, այնտեղ խոսք չկար վեթինգի մասին։ Հետագայում փոխնախարար Գրիգոր Մինասյանը խոստովանեց, որ իրենք էլ են դիտարկել կոշտ տարբերակը՝ ալբանական վեթինգը, բայց որոշել են գնալ «փափուկ» վեթինգի ճանապարհով, այսինքն՝ մաքրել դատական համակարգը այն գործիքներով, որոնք տալիս է օրենսդրությունը։

Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման ընթացքում նախարարությունը փորձում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործիքակազմով ազատվել «վատ» դատավորներից, բայց դա դեռ չի հաջողվում։

Այսպիսով, 2019-ին հայտարարված վեթինգը ոչ միայն «փափկել է», այլ Հայաստանում տապալվել այն տեսքով ու նպատակներով, ինչպես ազդարարել էր իշխանությունը։ Դրա ցուցիչներից մեկն էլ Բարձրագույն դատական խորհրդի նախկին ղեկավարներ Գագիկ Ջհանգիրյանի ու Ռուբեն Վարդազարյանի «մասնավոր ու հեռավոր զրույցներն են»։

2021-ի հունվարի 22-ին Ազգային ժողովը Հայաստանի նախկին զինդատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում, ամիսներ անց՝ ապրիլի 15-ին, քրեական գործ հարուցվեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ, նույն օրը նրան փոխարինեց խորհրդի տարիքով անդամը՝ Գագիկ Ջհանգիրյանը։

2022-ի հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց Ջհանգիրյանի մասնակցությամբ զրույցի ձայնագրությունը՝ նշելով, որ 2021-ի փետրվարի 20-ին վարչապետի անունից իրեն փոխանցել են, որ պետք է հրաժարական տա։ Ջհանգիրյանը այդ ձայնագրությունում խոսում էր այն մասին, որ ինքը թույլ չի տվել քրեական գործեր հարուցել, ինչպես նաև Վարդազարյանին խորհուրդ էր տալիս առանց ցնցումների հեռանալ պաշտոնից, նաև քաղաքական հայտարարություններ անում։

Այս հայտարարությունը փորձագիտական շրջանակում գնահատվեց՝ որպես վեթինգի մեխանիզմի, ինչպես նաև դատական համակարգի բարեփոխման վերջին հույսի մարում։ Ավելի ուշ Ջհանգիրյանը հրաժարական ներկայացրեց, սակայն որպես պատճառ բերելով ոչ թե իր գործունեությունը, այլ առողջական խնդիրները։

«Սահմանադրական ճգնաժամի» լուծումը՝ դատական ճգնաժամի խորացմամբ

Սահմանադրական փոփոխությունները կամ սահմանադրական ճգնաժամի լուծումն այս շարքում միակն է, որ իշխանությունը իրագործեց՝ ներդնելով բոլոր ջանքերը և ծառայեցնելով իր շահերին։

Սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումների սկիզբը կարելի է համարել իրավաբան Վահե Գրիգորյանի ելույթը Ազգային ժողովում՝ 2019-ի հունիսի 18-ին, երբ նա խորհրդարանի կողմից ընտրվեց ՍԴ դատավոր։

Իրավական տեսանկյունից հիմնավորվում էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և ՍԴ ևս վեց անդամներ այդ պաշտոններին են նշանակվել կամ ընտրվել մայր օրենքի 1995 և 2005 թվականներին խմբագրված դրույթների համաձայն, մինչդեռ 2015-ին Սահմանադրությունը փոխվել է ու ամբողջությամբ ուժի մեջ մտել 2018-ի մարտին, ուստի նրանք ևս պետք է փոխվեն ու իրականացվեն նոր ընտրություններ՝ ուժի մեջ մտած Սահմանադրության դրույթների համաձայն։

Սահմանադրական փոփոխություններն ունեին նաև քաղաքական ենթատեքստ, մասնավորապես, իշխանությունը՝ հանձին Սահմանադրական դատարանի վեց անդամների և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, տեսնում էր քաղաքական հակառակորդների, որոնք նշանակվել էին նախկին իշխանությունների կողմից և համակրում են, այսպես կոչված, նախկիններին։ Բացի այդ, Սահմանադրական դատարան էր մտել Մարտի 1-ի գործով Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի (Սահմանադրական կարգի տապալման մասին) սահմանադրականության հարցը։ Իշխանությունն անհանգստացած էր, որ այդ գործով «ոչ ցանկալի» որոշում կարող է կայացնել բարձր դատարանը։

Իշխանությունը սահմանադրական փոփոխություններն իրագործելու համար անցավ երեք փուլով, որից երկուսը գործնականում տապալվեցին։

Առաջին փուլում արդարադատության նախարարությունը մշակեց, իսկ խորհրդարանն ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի օինագիծը։

Այն նախատեսված էր Սահմանադրական դատարանի յոթ անդամների համար, նրանք հնարավորություն էին ստանում երկամսյա ժամկետում հրաժարական ներկայացնել և մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը ստանալ աշխատավարձի չափով կենսաթոշակ։ Այս նախաձեռնության համար հարկատուները պետք է վճարեին ավելի քան 600 միլիոն դրամ։ Երկամսյա ժամկետի ընթացքում որևէ դատավոր չօգտվեց օրենքով ընձեռնած հնարավորությունից։

Երկրորդ փուլում իշխանությունը նախաձեռնեց հանրաքվեի անցկացում, այն պետք է տեղի ունենար 2020-ի ապրիլի 5-ին, սակայն նույն տարվա մարտից Հայաստանում սկսվեց ակտիվ կերպով տարածվել կորոնավիրուսը, ինչի պատճառով էլ նախանշված հանրաքվեն չեղարկվեց։

Երրորդ փուլում գործի անցավ Ազգային ժողովը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները 2020-ի հունիսին շրջանառության մեջ դրեցին Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում էր դադարեցնել բարձր դատարանի այն անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի:

Երկու օր անց արտակարգ ռեժիմով ու միայն իշխող ուժի ձայներով նախագիծն ընդունվեց։ Արդյունքում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը զրկվեց այդ պաշտոնից, սակայն մնաց որպես ՍԴ դատավոր, իսկ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ երեք անդամները՝ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Ալվինա Գյուլումյանը, ուղարկվեցին թոշակի։

Այն, որ սահմանադրական բարեփոխումները տապալվել են, առավել պարզ դարձավ ՍԴ նոր դատավորների թեկնածության քննարկման ու ընտրության ժամանակ։ 2020-ի սեպտեմբերին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստով քննարկեց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորների երեք թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուներ Երվանդ Խունդկարյանի, Էդգար Շաթիրյանի և Արթուր Վաղարշյանի ընտրության հարցը:

Մինչ այդ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բազմաթիվ հայտարարություններն տարածեցին՝ հորդորելով իշխող ուժին հրաժարվել այս թեկնածուների ընտրությունից։

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը պնդեց, թե «կառավարության կողմից թեկնածուների առաջադրման գործընթացը եղել է ստվերային, չի համապատասխանել հավասարության, արդարության և թափանցիկության պահանջներին»։ Արձանագրվում էր, որ «ի դեմս, այդ թվում, թեկնածու Երվանդ Խունդկարյանի, գործ ունենք մեկի հետ, որը տևական ժամանակ գործուն մասնակցություն է ունեցել ՀՀ-ում մարդու իրավունքների և ժողովրդավարության նահանջի գործընթացին»:

Այս թեկնածուի անունը կապվում էր նաև «Ա1+» և «Նոյյան Տապան» անկախ լրատվամիջոցների իրավունքների ոտնահարումների գործընթացի հետ և կասկածի տակ էր դրվում նրա անկախությունը։

Չնայած քաղհասարակության դժգոհությանն ու հիմնավորումներին՝ ՍԴ դատավորի երեք թեկնածուներն էլ ընտրվեցին բարձր դատարանի դատավորների պաշտոնին։

Հետագայում՝ 2021 մարտի 26-ին, Սահմանադրական դատարանն արդեն նոր կազմով, հակասահմանադրական ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրվում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ավելի ուշ հենց իրենք՝ իշխող ուժի պատգամավորներն էին բողոքում ՍԴ-ից՝ բարձր ատյանին մեղադրելով քաղաքական պատվերներ կատարելու մեջ։

Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի «կոստյումը» փոխելու ճանապարհին

Թեև Նիկոլ Փաշինյանին հարմար էր այն կոստյումը, որը կարել էին Սերժ Սարգսյանի համար, նա չէր հրաժարվում փոփոխությունների գաղափարից։ 2020-ի փետրվարին ստեղծվեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը պետք է մինչև հոկտեմբեր ներկայացներ հայեցակարգը, սակայն 2020-ի պատերազմը տակնուվրա արեց նաև այս հանձնաժողովի գործունեությունը։

Այնուհետև 2022-ի հունվարին ստեղծվեց նորը։ Եթե նախորդ երեք փոփոխությունների դեպքում իշխանության գործողությունների տրամաբանությունը առնվազն ընդդիմությանը պարզ էր, ապա այս անգամ անորոշ է՝ ինչ նպատակի է ցանկանում հասնել Նիկոլ Փաշինյանը։ Երկրի վարչապետը ասուլիսներից մեկին ասել է, որ իշխանությունը խնդիր ունի, այսպես ասած, աուդիտի ենթարկել գործող Սահմանադրությունը և տեսնել՝ ինչ լավարկման տեղեր և հնարավորություններ կան։

2020-ի պատերազմից առաջ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կենտրոնացել էր «կայուն մեծամասնության մասին դրույթի վերացման վրա»։ Այդ ժամանակ հայտարարվում էր, թե «հանձնաժողովի ներսում կա համաձայնություն այն հարցում, որ խորհրդարանում ամենամեծ թվով քվեներ ստացած ուժի՝ կայուն մեծամասնություն ունենալու մասին դրույթը պետք է վերացվի»։

Ներկա կարգավորումներով՝ ընտրությունների արդյունքներով Ազգային ժողովում առաջին տեղում հայտնված ուժի պատգամավորական մանդատներն այնքան են ավելացվում, մինչև այդ ուժն ունենա կայուն մեծամասնություն։ Հենց այս դրույթն ուզում էին վերացնել հանձնաժողովի անդամները, բայց պատերազմը փոխեց բոլոր ծրագրերը։

Պատերազմից հետո ձևավորված Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում դեռևս չեն հասել «կայուն մեծամասնության վերացման» գաղափարին։ Վերջին հանդիպումներից մեկի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասում էր, որ ցանկանում են «քննարկել այդքան չարչրկված ու սպասված «վեթինգի» հնարավորությունները Սահմանադրական բարեփոխումների համատեքստում», ինչպես նաև իրականացնել «իշխանության թևերի բալանսավորում Սահմանադրության մեջ»։ Նա նաև չէր մոռացել դատական համակարգի մասին՝ ասելով, թե հարկավոր է այդ համակարգի վերանայում իրականացնել։ Բայց նախարարը նաև շեշտել էր, որ դեռևս չունի վերջնական կարծիք, այդ կարծիքը չի ձևավորվել նաև գործադիրի ղեկավարի մոտ, համենայն դեպս, այդպես է խոսվում հրապարակային կերպով։