Պայթուցիչի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով վիրավորվել է ՊԲ 2 զինծառայող, նրանց վիճակը ծանր է

Պայթուցիչի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ երկու պայմանագրային զինծառայող, նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

«Օգոստոսի 8-ին, զենքի (պայթուցիչի) օգտագործման կանոնները խախտելու և անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Ալյոշայի Դանիելյանը և Արթուր Յուրիկի Առուշանյանը։ Վիրավորների վիճակը գնահատվում է ծանր։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- ասված է հաղորդագրությունում։

ՊԲ-ից նշում են նաև, որ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է, բայց լարվածությունը պահպանվում է։

«Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել