Ադրբեջանը մշակել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ: Այս մասին հայտնում է «Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը՝ հղում անելով Ադրբեջանի «Հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությանը։
«Ադրբեջանը արդեն մշակել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ, որի մասին հայտնել է այդ երկրի «Հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունը, հրապարակելով համապատախան լուսանկար։ Ըստ նախագծի, ապամոնտաժվում է գմբեթի վեղարն ու զանգակատունը, կցակառուցվում երկու մինարեթներ։ Պարզ է նաև, որ բոլոր արձանագրությունները եկեղեցու պատերից մաքրվելու են»,- ասված է խորհրդի հայտարարությունում։
***
Օգոստոսի 5-ին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել էր Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև օգոստոսի 25-ը տարհանման հարցերը: