Էրդողանը հուսով է՝ «Հայաստանը ճիշտ կընկալի զարգացումները և կարձագանքի Ադրբեջանի և Թուրքիայի անկեղծ կոչերին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «հավատում է, որ տարածաշրջանը կկայունանա, եթե Հայաստանը ճիշտ ընկալի զարգացումները և արձագանքի Ադրբեջանի և Թուրքիայի անկեղծ կոչերին»։ Այս մասին նա հայտարարել է օգոստոսին 8-ին Թուրքիայում անցկացվող՝ դեսպանների 13-րդ համաժողովի ժամանակ:

Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցը կառուցակողական համարելով, նշել է․ «Հավատում եմ, որ մեր տարածաշրջանում կարճ ժամանակում կայունություն կհաստատվի, եթե Հայաստանը զարգացումները ճիշտ ընկալի և Ադրբեջանի ու Թուրքիայի անկեղծ կոչերին արձագանքի»:

«Չնայած հայկական արմատական խմբերի խոչընդոտներին՝ Կովկասում հաստատուն խաղաղության ուղղությամբ էական առաջընթաց է գրանցվել»,- ասել է Էրդողանը՝ հիշեցնելով Ադրբեջանի հետ սերտ համագործակցության մասին։ Նրա վստահեցմամբ՝ ձեռք բերված պայմանավորվածություններով Հարավային Կովկասում «նոր դարաշրջան է սկսվել», ուստի իրենք քրտնաջան աշխատում են՝ չկորցնելու պատմական հնարավորությունը:

Օգոստոսի 6-12-ը Թուրքիայում անցկացվում է դեսպանների 13-րդ համաժողովը, որին, ի թիվս այլ բարձրաստիճան հյուրերի, մասնակցում է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Մեկ անգամ ևս զգուշացնում ենք Հայաստանին զերծ մնալ սադրանքներից: Թուրքիան ու Ադրբեջանն անկեղծ են տարածաշրջանի կայունության և խաղաղության հասնելու գործում: Այդ [հարաբերությունների] կարգավորումը նույնպես հօգուտ Հայաստանի է»,- օգոստոսի 8-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Վերջինս պնդել է, թե «գեղեցիկ խոսքերը բավարար չեն․ անհրաժեշտ են առարկայական քայլեր և համաձայնությունների կատարում»: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան, առանձին-առանձին հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելով Հայաստանի հետ, միմյանց հետ մշտական կապի մեջ են և կարևոր հարցերում համատեղ են որոշում կայացնում: