Հայաստանը ձգձգում է «Զանգեզուրի միջանցքի» շուրջ պայմանավորվածությունների կատարումը․ Բայրամով

«Հայաստանը ձգձգում է Զանգեզուրի միջանցքի շուրջ պայմանավորվածությունների կատարումը»․ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

Նա ավելացրել է, թե «Ադրբեջանը բոլոր դեպքերում տրանսպորտային հաղորդակցություն է հաստատելու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, և Արաքս գետի վրայով արդեն մեկնարկել է առաջին կամրջի շինարարությունը»:

Բայրամովի վստահեցմամբ՝ «ադրբեջանական կողմը Նախիջևանին կապվելու առումով այլընտրանքային հաղորդակցություն ունի, պարզապես Հայաստանին հնարավորություն է տրված՝ դուրս չմնալ տարածաշրջանային համագործակցությունից»:

Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ Հայաստանը խուսափում է խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծումից:

«Հայաստանը խոսքերի մակարդակում ընդունում է [Բաքվի] առաջ քաշած սկզբունքները, սակայն գործնականում ձգձգում է գործընթացը»:

Ընթացիկ տարվա մարտի 11-ին Ադրբեջանն ու Իրանը Զանգելանը Նախիջևանին կապող նոր հաղորդակցություն ստեղծելու շուրջ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Ըստ պայմանավորվածության՝ նոր հաղորդակցությունն անցնելու է Հայաստանի հարավային սահմանից 5 կմ հեռավորությամբ: