Իլհամ Ալիևը հայացքն ուղղել է դեպի Արևմուտք

ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը գազային համաձայնագիր է ստորագրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Լուսանկարը՝ President.az-ի։

Իսմի Աղաև, OC Media

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից ի վեր և, հատկապես, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշաններ էր տալիս, որ իր երկիրը կտանի Արևմուտքի հետ ավելի խորը համագործակցության ուղղությամբ։

Թեև Իլհամ Ալիևը միշտ է եղել շատ ճկուն քաղաքական դերակատար, որը հաճախ է պատրաստակամություն հայտնել համագործակցել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ, նրա վերջին ելույթներն ու հայտարարած նախագծերը, հատկապես Ուկրաինայի պատերազմի հետևանքով առաջացած եվրոպական էներգետիկ ճգնաժամի լույսի ներքո, ոչ միայն զգալիորեն արևմտամետ են, այլև անգամ կարող են ազդել Ադրբեջանի ներքին իրադրության վրա:

Հուլիսի 4-ին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ նախագահ Ջո Բայդենին հղած շնորհավորական նամակում Ալիևը ողջունում էր Արևմուտքի ավելի շատ ներգրավվածությունն Ադրբեջանում, ներառյալ ԱՄՆ-ի մասնակցությունը ադրբեջանա-հայկական հակամարտության կարգավորման հարցում:

«Այս ժամանակահատվածում, երբ Հարավային Կովկասում նպաստավոր պայմաններ են ստեղծվել խաղաղության հաստատման և տնտեսական առաջընթացի համար, մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգները կարող է կարևոր դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, հաղորդակցության բացման և մարդկանց միջև շփումների հաստատման գործում»,- ասվում էր Ալիևի նամակում։

Ապրիլի 29-ին Բաքվի ADA համալսարանում Ալիևը ելույթը բնորոշ էր այս նոր միտումին։ Նա առանձնահատուկ ջանք գործադրեց, որ շեշտի Ադրբեջանի սերտ հարաբերությունները Եվրամիության հետ՝ միաժամանակ Ադրբեջանին հեռացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբից, թեև ԵՄ-ն հետևողականորեն հավանություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։

Մինսկի խումբը, որի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, ստեղծվել է 1990-ականների սկզբին՝ որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ։

«Մեզ համար Եվրամիությունը շատ կարևոր գործընկեր է,- իր ելույթում ասել է Ադրբեջանի նախագահը։- Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը երբեք դրա մաս չի եղել, քանի որ դրանով զբաղվել է Մինսկի խումբը, իսկ Եվրամիությունը մի փոքր հեռու էր»:

Վկայակոչելով «առևտրի, էներգետիկայի և բեռնափոխադրման» ոլորտներում ԵՄ-ի հետ համագործակցությունը՝ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը Եվրամիությանը համարում է «արդար միջնորդ» և ողջունում է միջնորդելու նրանց ջանքերը։

Մեկ ամիս անց Ադրբեջանն ու Եվրամիությունը դեպի Եվրոպա ադրբեջանական բնական գազի հոսքերն ավելացնելու, ինչպես նաև ավելի երկարաժամկետ հեռանկարում նավթի մատակարարումը զարգացնելու վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին։

Ալիևը համաձայնագիրը որակել է որպես «ապագայի ճանապարհային քարտեզ», մինչդեռ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել է «ավելի վստահելի և հուսալի գործընկերների» դիմելու ԵՄ որոշումը։

«Շնչելու տեղ» քաղաքական ակտիվիստների համար

Որոշ մեկնաբաններ կարծում են, որ ուկրաինական մարտադաշտում Ռուսաստանի վերջին ժամանակների պայքարը և երկրի տնտեսական աննախադեպ մեկուսացումը, ինչպես նաև Եվրոպա ռուսական բնական գազի արտահանման կտրուկ անկումն էական դեր են խաղացել Ալիևի արևմտամետ դիրքորոշման ձևավորման հարցում:

«Ալիևն աշխարհում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներում ականատես է լինում ուժերի հարաբերակցության փոփոխության,- OC Media-ին ասում է Լոնդոնում բնակվող քաղաքագետ և անկախ քաղաքական մեկնաբան Լեյլա Ալիևան։- Կարծում եմ, որ ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում կան երկրներ, որոնք ցանկանում են Ադրբեջանին տեսնել որպես էներգետիկ անվտանգության ավելի լուրջ երաշխավոր»։

Ալիևան ասում է, որ Բաքվի և Բրյուսելի միջև դեռ որոշակի հեռավորություն կա, որը պետք է հաղթահարվի, հատկապես քաղաքական ազատությունների և ժողովրդավարական բարեփոխումների հետ կապված Ադրբեջանում տիրող սարսափելի վիճակի հարցում։

Ադրբեջանցի քաղաքական ակտիվիստ և Պրահայի Կառլովի համալսարանի ասպիրանտուրայի ուսանող Բահրուզ Սամադովի կարծիքով՝ Ադրբեջանի և Արևմուտքի միջև աճող «մերձեցումն» ու համագործակցությունը ավելի մեծ լծակներ են տալիս վերջինիս՝ «միջնորդի դեր խաղալու Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրներում»:

2021 թ․ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ցույցի ժամանակ Բաքվում մի կին է ձերբակալվում: Լուսանկարը՝ Ուլվիա Ալիի/OC Media:

Սամադովն ասել է, թե հաշվի առնելով ռուս խաղաղապահների ներկայությունը, չի հավատում, որ արևմտյան երկրները կկարողանան «ուղղակիորեն» միջամտել Լեռնային Ղարաբաղի հարցին։ «Արևմուտքը քաջ գիտակցում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքն արդեն գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ»,- ասել է նա։

Փոխարենը ուշադրությունը կկենտրոնացվի Ադրբեջանի ներքին իրադրության վրա։

«Արևմուտքը բանակցությունների սեղանին կդնի Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների պահանջները՝ բարեփոխումներ, որոնք Ալիևի համար դժվար չի լինի իրականացնել, և որոնք կիրականացվեն»,- ասել է Սամադովը՝ հավելելով, որ ակտիվիստների կողմից պահանջվող որոշ «արտոնություններ», ինչպիսին է հավաքների հարցում ավելի մեծ ազատությունը, «կտրամադրվեն նրանց»։

Սամադովն ընդգծել է, սակայն, որ դա ոչ մի կերպ չի ենթադրի «Ադրբեջանում ավտորիտարիզմից անցում դեպի ժողովրդավարություն»։

Բարեփոխումները, նշել է նա, «պարզապես կկատարեն գործառույթը՝ ստեղծելու «շնչելու տեղ», որը կառավարությունը որոշել է, որ հարմար է սոցիալական ակտիվության համար»: Ալիևը ռիսկի չի գնա և չի անի որևէ բան, որը կհանգեցնի Ռուսաստանի հետ լարվածության կտրուկ աճի՝ մասամբ երկրի հզորության, նաև այն պատճառով, որ «Ալիևը սերտ կապեր ունի Ռուսաստանի քաղաքական էլիտայի հետ»:

Էներգետիկ քաղաքականություն

Թեև արևմտյան երկրները Ադրբեջանը դիտարկում են որպես նավթի և բնական գազի հուսալի աղբյուր, ոմանք հայտարարել են, որ Ադրբեջանն իրականում ի վիճակի չէ բավարարելու Արևմուտքի էներգետիկ կարիքները, առնվազն կարճաժամկետ հեռանկարում:

«Իր արտադրական ցուցանիշներով և ենթակառուցվածքներով ներկա իրավիճակում Ադրբեջանը չի կարող կարևոր դեր խաղալ,- OC Media-ին ասել է ադրբեջանցի քաղաքական տնտեսագետ և Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի ավագ հրավիրյալ դասախոս Գուբադ Իբադողլուն,-Առաջիկա երեք տարում դա ակնկալելը ճիշտ չի լինի, դա միանշանակ մեծ ներդրումներ և ժամանակ է պահանջում»։

Իլհամ Ալիևը (դեմքին նավթ է քսած) հոր՝ այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևի կողքին է Չիրագ-1 նավթի հանքավայրի բացման արարողության ժամանակ, 1997 թ․։

Կա նաև Ադրբեջանի կողմից վերահսկվող գազի պաշարների իրական չափի հարցը։

«Թույլ տվեք նաև ասել, որ ներկայումս Ադրբեջանում շատ գազ չկա»,- «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան։ Գազ մատակարարելու փոխարեն, ենթադրել է Բրայզան, ԱՄՆ-ն Ադրբեջանին դիտարկում է աշխարհում բնական գազի երկրորդ մեծ պաշարներն ունեցող Թուրքմենստանից գազի արտահանման հնարավոր տարանցիկ կետ, թեև այստեղ հնարավոր խոչընդոտ կարող է լինել այն, որ Ռուսաստանը և Իրանը շարունակաբար դեմ են այս նախագծին:

Նաև Ադրբեջանի և արևմտյան երկրների հարաբերությունները միակողմանի չեն. որքան արևմտյան երկրներին են անհրաժեշտ Ադրբեջանի էներգակիրները, այնքան էլ Ադրբեջանին անհրաժեշտ են արևմտյան շուկաները և տեխնոլոգիաները։

«Ոչ նավթային հատվածի զարգացումը մեծապես կախված է արևմտյան շուկա մուտք գործելուց,- պարզաբանել է Գուբադ Իբադողլուն,- Արևմուտքի հետ համագործակցությունը շատ կարևոր դեր է խաղում Ադրբեջան արժույթի մուտքի և տնտեսության արդիականացման առումով»։

Իբադողլուն նաև շեշտել է, թե ինքը կասկածում է, որ արևմտամետ ուղեգծի արդյունքում երկրում ներքաղաքական բարեփոխումներ տեղի կունենան։

«Արևմուտքը լավ գիտի Ադրբեջանը. Արևմուտքի շահերը կախված չեն ժողովրդավարական արժեքների զարգացումից, որոնք անհրաժեշտ են Ադրբեջանին,- ասել է Իբադողլուն,- Ավտորիտար ռեժիմում մեկ անձի հետ խնդիրներ լուծելու հնարավորությունը թույլ է տալիս խնայել ժամանակը և միևնույն ժամանակ ստանալ այն, ինչ ցանկանում ես»:

«Արևմուտքը չի հավատում, որ Ադրբեջանի ներկայիս ռեժիմը կփոխվի շուտով և որևէ քայլ չի ձեռնարկում այն փոխելու համար»։

Մեկնաբանել