Իրադրությունը շփման գծում հարաբերական կայուն է, բայց լարվածությունը պահպանվում է․ ՊԲ

Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, որ իրադրությունը շփման գծում գիշերը հարաբերական կայուն է եղել՝ չնայած պահպանվող որոշակի լարվածությանը։

«Օգոատոսի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել»,- ասված է հաղորդագրությունում։

ՊԲ-ից նշում են, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին քայլեր են ձեռնարկվում իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։

***

Oգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառել էին նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհվել էր ՊԲ երկու զինծառայող, ևս 19 զինծառայող ստացել էր տարբեր աստիճանի վիրավորումներ։

Ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքի էին դիմել նաև օգոստոսի 1-ին՝ Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում։ Ադրբեջանական կողմը շփման գիծը հատելու փորձեր էր կատարել, որոնք կասեցվել էին ՊԲ ստորաբաժանումների ուժերով: