ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է մինչև օգոստոսի վերջ Մոսկվա-Երևան-Բաքու բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու մասին

Մոսկվան պլանավորում է մինչև օգոստոսի վերջ բարձր մակարդակի եռակողմ շփումներ կազմակերպել հայ-ադրբեջանական կարգավորման տարբեր թեմաների շուրջ:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իվան Նեչաևը՝ պատասխանելով Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին հարցին:

Հուլիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ են ընթանում։ Աղաջանյանը, սակայն, հստակ ժամկետներ չէր նշել։

Փաշինյանի և Ալիևի միջև վերջին հանդիպումը կայացել է մայիսի 22-ին Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։