Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին:

«Այս պահի դրությամբ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։ Հայաստան֊-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին մենք հանրությանը պատշաճ ժամկետներում, նախօրոք տեղեկացնում ենք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով թուրք բարձրաստիճան դիվանագետի, նաև գրել են, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Թուրքիայում:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարներն ընդգծել են հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է այս տարվա սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Դրանից հետո բանագնացները ևս երեք հանդիպում են անցկացրել Վիեննայում։

Չնայած, որ առաջին երեք հանդիպումներից հետո կողմերը նշում էին՝ հանդիպումներն անցնում են կառուցողական մթնոլորտում, բայց որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին միայն չորրորդ հանդիպմանը՝ հուլիսի 1-ին։ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը։

Բացի հատուկ ներկայացուցիչների բանակցություններից, մարտի 12-ին Անթալիայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։