Աղավնոն պահելու հնարավորությունները քննարկվել են մինչև վերջին պահը. Հայկ Խանումյան

Քաշաթաղի շրջանի Աղավնո և Բերձոր համայնքները մինչև օգոստոսի 25-ը պիտի տարհանվեն և անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ․ այդ մասին օգոստոսի 5-ին հայտնել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Աղավնոյի, Բերձորի, Լաչինի միջանցքի, Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի մասին ՍիվիլՆեթի Հայկ Ղազարյանը զրուցել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ։ Ստորև՝ հարցազրույցի տեքստային տարբերակը։

Պարոն Խանումյան, այս օրերին շատ քննարկումներ ու քննադատություններ եղան ձեր հասցեին։ Մասնավորապես, ձեզ մեղադրում էին, որ Աղավնոյի բնակիչներին կոչ եք արել տները չվառել հեռանալիս, հակառակ դեպքում, ըստ պնդումների, փոխհատուցում չեն ստանա։ Ի՞նչ կարող եք ասել սրա մասին։

Ընդհանրապես ես այդ վառելու, ջարդելու մոլուցքից զարմանում եմ, կարծես թե, էս պատմության մեջ ամենակարևոր դրվագը վերջում վառելն է կամ մեկ տարեկան խնձորի ծառը կտրելը։

Առաջինը, մի քանի պատճառ կա դա չանելու․ ինչպես հիշում եք, 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրից կամ հայտարարությունից հետո հանձնվող բնակավայրերի ցանկում սխալմամբ եղել է Չարեքտար գյուղը։ Արցախի կառավարությունը այդ գյուղի անուն էլ էր դրել։ Մինչև սխալը, թյուրիմացությունը ուղղեցին, երկու օր տևեց։ Այդ գյուղը ամբողջովին թալանվեց, քանդվեց, հրկիզվեց։ Էս պահին 200 միլիոն դրամից ավել գումար է դրվել էդ գյուղի տները նորոգելու, վերականգնելու համար։ Դեռ բավականին շատ գործ կա անելու։

Կամ պատերազմից հետո՝ 1,5 տարի առաջ, մենք էլի այդ հայտարարությունից հետո կորցրեցինք Քաշաթաղի շրջանի՝ Բերձորից հարավ ընկած որոշ բնակավայրեր՝ Հունանավան, Մեղվաձոր, Մելիքաշեն, Մարաթուկ և այլն, որոնց մեծ մասը Աղանուս համայնքի կազմում էին։ Եվ երկու տարի հետո՝ այսօր, էդ նոր միջանցքի հարավ տեղափոխվելու հետ կապված էդ բնակավայրերը հայտնվում են Ադրբեջանի վերահսկողությունից դուրս՝ միջանցքի տարածքում։

Բայց այդտեղ ամբողջ բնակֆոնդը ոչնչացված է, այսինքն, երբ դու վառում ես բնակարանները, ջնջում ես ամեն ինչ, դու խաչ ես քաշում և հույսդ կտրում ես, որ այդտեղ վերադառնալու ես։ Բայց այնքան արագ է ամեն ինչ փոխվում, չի բացառվում, որ տարիներ անց կամ որոշ ժամանակ անց մենք կրկին կվերադառնանք Աղավնո։ Ո՞րն է իմաստը վառելու, ոչնչացնելու, երբ որ Աղավնոն շատ մոտ է լինելու այդ միջանցքին, հնարավոր է, որ զարգացումների դեպքում կրկին հայտնվի Ադրբեջանի վերահսկողությունից դուրս։ Ո՞րն է մոլուցքը ամեն ինչ վառելու, թալանելու և այլն։ Դա կոնկրետ գլխումս չի տեղավորվում, երբ այս արհավիրքի պահին, այս սարսափելի ժամանակաշրջանում, երբ պետք է մարդկանց անվտանգության, արժանապատվության մասին մտածենք, երբ որ հնարավոր է, իրոք, սպառնալիք լինի։

Իրականում պետք է տարհանում կազմակերպել, մեկ այլ տեղ՝ պաշտպանություն կազմակերպել, մեկ այլ տեղ՝ պաշտպանական համակարգի մասին մտածել։ [Բայց] Մարդիկ մտածում են թալանելու, վառելու մասին։ Այս տրամաբանությունը, այս մտածելապերպը ինձ ուղղակի սարսափեցնում է։

Ինչո՞ւ եք Դո՛ւք գնացել ու այս վատ լուրը հայտնել, ինչո՞ւ երկրի նախագահը չի արել կամ այլ պաշտոնյա։

Իսկ ո՞վ պիտի գնար։ Այսօր բազմաթիվ քրեական գործեր կան մեր համայնքապետերի դեմ հարուցած, որ պատերազմի կամ ֆորս-մաժորի ժամանակ չեն աշխատել քաղպաշտպանության պլանի համաձայն։ Տվյալ դեպքում համայնքային իշխանությունը և շրջանային իշխանությունը, երբ որ համայնքի գլխին վտանգ կա, ունենք քաղպաշտպանության համապատասխան պլանը, որ պետք է կատարել տարհանում՝ ամեն մեկը իր գծով։ Չգիտեմ, բնակչությանը տարհանեն, մշակութային արժեքները տարհանեն, դպրոցը փաստաթղթերը, չգիտեմ, և այլն։ Ի՞նչ անենք, թողնենք համայնքապետին կամ շրջանի ղեկավարությանը մենա՞կ ֆեյսբուքյան հերոսների դեմ։ Այդ մարդկանց խժռեն, և ոչ ոք պատասխանատվություն չստանձնի՞։ Մենք համայնքների, տեղական ինքնակառավարական գործունեությունը համակարգող և տարածքային կառավարում իրականացնող հանրապետական մարմին ենք և պարտավոր ենք գտնվել տվյալ դեպքում շրջանային և տեղական մարմինների կողքին, և օգնել նրանց այս պլանը իրագործելիս։ Մենք երբեք պատասխանատվությունից չենք խուսափել, հենց առաջին օրվանից նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո բազմաթիվ ծանր կամ կտրուկ որոշումներ ենք կայացրել տարբեր հարցերով, շատ հաճախ տրորելով ընթացակարգերը, որովհետև պետք էր տվյալ պահին մարդկանց հարցերը լուծել։ Եվ երբեք էլ չենք խուսափելու այդ պատասխանատվությունից։

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի գործող միջանցքի այլընտրանքային երթուղու նախագիծը պետք է հաստատվեր եռամյա ժամկետում։ Փաստն այն է, որ երեք տարին չի լրացել, և Ադրբեջանը արդեն կառուցել է Բերձոր քաղաքը շրջանցող ճանապարհ, որը հանձնվելու է հայկական կողմին։ Ադրբեջանը շինաշխատանքները կատարել է նաև հայկական վերահսկողության տարածքներում՝ Հին Շեն և Մեծ Շեն գյուղերում։ Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ պայմանավորվածության հիման վրա են ադրբեջանական շինարարական ընկերությունները մտել հայկական տարածք։

Երեք տարվա մեջ պիտի պլանը հաստատվեր, բայց ճանապարհի նախագիծը, ենթադրենք, երկրորդ տարում է համաձայնեցվել։ Կարծում եմ, այդտեղ խնդիր չկա։ Հայաստանի Հանրապետության կողմից չեմ կարող ասել, բայց երբ որ ռուսական խաղապահները մեզ փոխանցել են՝ Արցախի կառավարությանը Ադրբեջանի տարբերակը, որը առաջարկում է Բերձորից հյուսիս՝ Հոչանց գյուղը մոտավորապես, բավականին բարձր լեռնային գոտով անցկացնել ճանապարհը, մենք չենք համաձայնել և առաջարկել ենք ճանապարհը Բերձորից հարավ անցկացնել՝ Մեծ Շեն, Հին Շեն համայնքների միջով, որպեսզի անկլավի չվերածվի Բերդաձորի ենթաշրջանը։ Եվ մեծ հաշվով էլ, այդ տարբերակն էլ որոշակի շտկումներով աշխատել է։ Դա, չգիտեմ՝ Հայաստանի կողմից ով է համաձայնեցրել, սակայն ռուսական կողմին ուղարկել ենք, որ մենք համաձայն ենք այս տարբերակին։ Եվ հենց այդ տարբերակն էլ սկսել է աշխատել։

Պնդումներ կան, որ Հայաստանը համաձայնած է եղել եռամյա ժամկետից շուտ Լաչինը և մյուս բնակավայրերը հանձնելուն։ Հիմա արդեն, չնայած նոյեմբերի 9-ի համաձայնագրով նման բան չէր նախատեսվում, հայերը համաձայնել են Լաչինից ու Աղավնոյից մինչև օգոստոսի 25-ը դուրս գալ։ Դուք տեղյա՞կ եք՝ Լաչինը ավելի վաղ համաձայնելու պայմանավորվածություն եղե՞լ է։

Ես չգիտեմ, թե ինչ հանձնելու կամ չհանձնելու պայմանավորվածություն է եղել, ես խոսում եմ նոր միջանցքի կառուցման մասին։ Տարբերակներից ամենաընդունելին եղել է Հին Շենով ու Մեծ Շենով՝ Բերդաձորի ենթաշրջանով անցնող տարբերակը։ Մնացածը թող Հայաստանի իշխանությունները բացատրություն տան, իրենք ինչ են բանակցել և այլն։ Ես ասում եմ մեզ ներկայացված տարբերակները և մեր ընտրած տարբերակը։

Հնարավո՞ր է մինչև նոր ճանապարհի գործարկումը, ադրբեջանջիները արցախցիների երթևեկությունը Լաչինի միջանցքով կազմակերպեն՝ որոշակի գրաֆիկով։ Այնպես, ինչպես հիմա ադրբեջանցիներն են Արցախի տարածքով կապվում Քարվաճառի (Քելբաջար) շրջանի հետ։

Չեմ կարծում, թե այդպիսի խնդիր կառաջանա, կարծում եմ՝ միջանցքի նոր հատվածը կաշխատի հենց միջանցքի տրամաբանությամբ, որոշակի տեխնիկական հարցեր լուծելուց հետո։ Ժամանակավոր լուծումներ կտրվեն մինչև հայաստանյան հատվածը պատրաստ կլինի։

Լաչինի միջանցքի տեղահանված բնակիչների խնդիրներն ինչպե՞ս են լուծվելու։ Կա՞ն արդյոք ծրագրեր նրանց Արցախում վերաբնակեցնելու համար։

Բերձորի, Ներքին Սուսի, Աղավնոյի բնակիչները բնակեցվելու են թե՛ Արցախում, թե՛ Հայաստանի Հանրապետությունում, անկախ տարբեր ծրագրերի շահառու լինելու հանգամանքից և իրենց ընտրությունից։

Ինչ-որ աշխատանքներ տարվելո՞ւ են այստեղ [Արցախում] բնակեցնելու համար։

Իհարկե, ամեն օր համայնքապետերի հետ աշխատում ենք, բնակչության հետ աշխատում ենք, տարբեր ցանկերի հետ աշխատում ենք և առաջիկայում ավելի գործնական քայլեր կկատարենք։

Պարոն Խանումյան, այս ամբողջ աղմուկի հետ կապված՝ Աղավնոն ու Բերձորը պահելու հույսեր կայի՞ն։

Դժվարանում եմ ասել, բայց, համենայնդեպս, դրա շուրջ պետք է լուրջ բանակցություններ տարվեին։ Կարծում եմ՝ պետք է հենց պատերազմից անմիջապես հետո թույլ չտայինք Բերձորի դատարկվելը և որոշ տեղերում տարբեր ենթակառուցվածքների ավերումը։ Հետպատերազմյան շրջանը բավականին ծանր շրջան էր, այդ թվում՝ պետական կառույցների կոլապսով, բարոյալքմամբ, տարբեր կարողությունների ոչնչացմամբ և այլն։ Բայց, կարծում եմ, պետք է ժամանակին պետական կառույցները միշտ կարողանան թեկուզ ծանր պարտություններից հետո ունակություններ զարգացնեն, կարողություններ զարգացնեն և կարողանան որոշակի խնդիրներ լուծել։

Ե՞րբ է այդ ուլտիմատումը դրվել, որ մենք պետք է հեռանանք օգոստոսի 25-ին։

Եթե չեմ սխալվում, հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին․ ռուսական խաղաղապահներին հաղորդվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից և փոխանցվել մեզ։

Այս սրացումները ի՞նչ կապ ունեն միջանցքի հետ (հուլիսի վերջից մինչև օգոստոսի 3-ը Ադրբեջանը Արցախի դեմ սարդանքների է դիմել։ Հայկական կողմը տվել է 2 զոհ և 19 վիրավոր։ Տեղի են ունեցել դիրքային փոփոխություններ։ Ըստ տարբեր աղբյուրների, Ադրբեջանը 1-3 զոհ է ունեցել)։

Տարբեր հանգամանքներով է պայմանավորված։ Առաջինը, որ Քաշաթաղի հարավ-հյուսիս ճանապարհը ադրբեջանցիները մեծամասամբ կիրառել են՝ Քարեգահից դեպի հյուսիս և Աղավնոյից դեպի հարավ։ Նրանք կառուցել-վերջացրել են և այս արանքն է մնում, որպեսզի այս ենթակառուցվածքները իրար կապեն։ Պատճառներից մեկը դա է։ Հիմնական պատճառը երևի սա է, բայց վարքագծի ավելի ագրեսիվ ու լկտի Ադրբեջանի, կարծում եմ, պայմանավորված է ուկրաինական պատերազմով, երբ որ ռուսական դիրքերը կամ թուլացել են կամ թվում է թե թուլացել են, և Ադրբեջանի դերը կարևորվել է թե՛ Ռուսաստանի համար, թե՛ Եվրամիության համար։ Եվ Ադրբեջանը կարողանում է, մեծ հաշվով, ուլտիմատումներով խոսել, բոլորի հետ։ Այդ թվում Ռուսաստանի և միջազգային հանրության հետ։

Եկել է մի օր և ռուսական կողմը ասել է, որ չե՞նք կարող, դուրս են գալիս և պիտի դուք էլ դուրս գա՞ք (խոսքը Լաչինի միջանցքի, Աղավնոյի ու Բերձորի մասին է)։

Խնդիրը այն է, որ խաղապահ առաքելությունը շատ սահմանափակ լիազորություններ ունի, երբ նույնիսկ բնակավայրերի վրա հարձակում լինի, բայց չհարձակվեն հենց ռուսական զորախմբի վրա, իրենք ոչ մի միջամտություն թույլ չեն տալու։ Կրակելու են այն ժամանակ, երբ կոնկրետ իրենց վրա հարձակում լինի։

Երբ պարզ է եղել, որ հնարավոր չէ պահել [Աղավնոն ու Բերձորը], ինչո՞ւ բնակչությանը չեն նախապատրաստել, որ նման ողբերգական տեսք չունենա այս ամենը։ Չեն ասել, որ վերջը այս է լինելու։ Հասկանում եմ, ընդդիմադիր գործիչներն էլ մի կողմից՝ իրենց լայվերով և այլն․․․

Կարծում եմ, Բերձորի դեպքում միշտ էլ ասվել է, որ Բերձորը պահել հնարավոր չի լինելու և Աղավնոյի պահով որոշակի հույսեր կային, որովհետև ինքը շատ մոտ էր էդ նոր միջանցքին և որոշ նախագծերի դեպքում նախատեսվում էր ճանապարհը հենց այնպես տանել, որ 5 կմ-ոց միջանցքի հատվածում հայտնվի Աղավնոն։ Եվ հենց դրանով էր պայմանվորված միջին վերջին վյայրկյանը Աղավնոյի շուրջ բանակցությունները։

Այսինքն, երբ նախագահն ասում էր, որ Բերձորը հանձնում ենք, բայց Աղավնոյի համար կբանակցենք․․․ Հնարավո՞ր էր դա։

Մինչև վերջին պահը այդ հնարավորությունները քննարկվել են։ Մինչև վերջին պահը։ Եվ որոշակի տարբերակներ են քննարկվել, բանակցվել և այլն։

Ինչո՞ւ եմ ասում։ Որովհետև իշխանություններն էլ են խուսափել այս հարցերին պատասխանելուց։ Նաև ես Վիտալի Բալասանյանին եմ հարցում ուղարկել դեռ մայիսի կեսերին, թե ինչ է լինելու [Աղավնոյի ու Բերձորի հետ]։ Ընդհանրապես իշխանությունները չեն խոսել։

Դե Բերձորի վերբերյալ կարծում եմ խոսել են։ Ասել են․․․

Շատ ավելի ուշ Արայիկ Հարությունյանն է ասել։

Հնարավոր է ավելի ուշ, բայց, համենայն դեպս, դա պարզ էր նոր ճանապարհի պլանը հաստատելուց հետո կամ դրա շուրջ համաձայնելուց հետո։ Բայց Աղավնոյի պահով, էլի եմ կրկնում, մինչև վերջին պահը եղել են բանակցություններ և գործընթացներ։

Վերջին հարցը, պարոն Խանումյան։ Ենթակառուցվածքները ե՞րբ են փոխադրվելու նոր ճանապարհ։

Հնարավորինս արագ կապի և բարձրավոլտ գծերն են տեղափոխվելու, գազի շուրջ այլ տարբերակներ են որոնվում։

Մեկնաբանել