Աղվան Հովսեփյանը 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Աղվան Հովսեփյանը 2021-ի սեպտեմբերի 7-ից անազատության մեջ էր

Նրան մեղադրանք է առաջադրվել, ըստ որի՝ նա 2004-2013-ին, զբաղեցնելով Հայաստանի գլխավոր դատախազի, իսկ 2014-2018-ին՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքին հակառակ, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ Արշավիր Սարգսյանի հետ 2007-2015-ին մեկ միասնական դիտավորությամբ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև անձամբ և վստահված անձանց՝ որդիների միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ։ Ըստ մեղադրանքի՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը Հովսեփյանը օրինականացրել է:

Բացի այդ, Աղվան Հովսեփյանը 2010-ի հոկտեմբերի սկզբներին, քննությամբ չպարզված օրը, իր պաշտոնի հեղինակությամբ ազդեցություն գործադրելով՝ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ղեկավար Հրաչյա Ավագյանին համոզելու եղանակով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունը, ապա այդ արարքի արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով գույքը օրինականացրել է:

Մեղադրանքի համաձայն՝ Աղվան Հովսեփյանը Վարշամ Ղարիբյանի օգտին ծառայության գծով հովանավորչության համար, նրանից պահանջել և 2011-ի փետրվարի 14-ին ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ապա հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը օրինականացրել է: Բացի այդ, 2017-ի ապրիլի 10-ին իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող Վրեժ Մարկոսյանին համոզելու եղանակով դրդել է վատնել նրան վստահված, Վարշամ Ղարիբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը:

Մեկնաբանել