Ջրի թանկացման մասին հրապարակումները հապճեպ են

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Yerevan Today լրատվական կայքը օգոստոսի 11-ին հոդված է գրել «Փաշինյանը խոստացել էր, որ մինչև 2024 թվականը ջուրը չի թանկանա, այնինչ տարին երկու անգամ թանկանում է» վերնագրով։

Հոդվածում անդրադարձ է կատարվում օրերս «Վեոլիա Ջուր» ընկերության՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ) ներկայացրած հայտին, որով ընկերությունն առաջարկում է 9 դրամով բարձրացնել սակագինը։ Հոդվածի հեղինակը պնդում է, թե, հակառակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստմանը «մինչև 2024-ը ջուրը չթանկացնել, այն թանկացնում է երեք անգամ»։

«…Նա (Նիկոլ Փաշինյանը-խմբ.) հայտարարեց, որ Վեոլիա ջրի հետ պայմանավորվել են, որ մինչև 2024 թվականը ջրի սակագինը չի բարձրանա։ Դա այդ պահին իսկ մանիպուլյացիա էր, որովհետև այդ ժամանակ իսկ պայմանավորվել էին, որ ջուրը թանկանում է, սակայն այդ թանկ գինը վճարելու ենք 2024 թվականից։ Այսինքն, անկախ ամեն ինչից, 2024 թվականին մենք ջրի թանկ սակագին կվճարենք 2019 թվականի բարձրացման համար»,- գրում է հեղինակը։

Հոդվածը տարածել են Yerkirmedia.am, hayacq.com և այլ կայքեր։

Կառավարությունը թաքցրել էր

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին անդրադարձել էր Փաշինյանի՝ մինչև 2024-ը ջրի սակագնի հաստատուն պահելու խոստմանը և այն դրժելուն։ Ավելին՝ #CivilNetCheck-ը պարզել էր, որ երեք տարի ջրի գինը սպառողների համար չէր փոխվել, քանի որ կառավարությունը ընկերությանը փաստացի որոշ «արտոնություն էր տվել»՝ սուբսիդիաների և վարձակալության վճարները նվազեցնելու տեսքով, ինչը կառավարությունը թաքցրել էր հանրությունից։ ՀԾԿՀ ղեկավար Գարեգին Բաղրամյանը նախորդ տարի հայտնել էր, որ այսուհետ հրաժարվում են այս քաղաքականությունից, և տեղի էր ունեցել սակագների բարձրացում։

Փաշինյանն էլ ներկայացրել էր իր պատճառաբանությունը, թե ինչու չի «պահում խոստումը»։

Yerevan Today-ը շտապում է

Սակայն Yerevan Today-ը շտապում է՝ հայտարարելով, թե ջուրը թանկանում է։ Ինչպես մեզ հայտնել էին ՀԾԿՀ-ից, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պարտավոր է յուրաքանչյուր տարի հանձնաժողով ներկայացնել հաջորդ տարվա ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման հայտ։ Այն ներկայացնելը բոլորովին չի նշանակում, որ թանկացումը տեղի կունենա, քանի որ այն դեռևս պետք է քննարկի ՀԾԿՀ-ն, և շատ հնարավոր է, որ չհաստատվի։ «Վեոլիա Ջուր»-ի կողմից նման հայտեր ներկայացվել են նաև ծառայությունների մատուցման 2018-2021 թվականների սակագների ճշգրտման համար, սակայն թանկացում փաստացի տեղի չի ունեցել։

Yerevan Today-ի մյուս պնդումը, թե 2018-ից ջուրը թանկացել է, սակայն այդ թանկ գինը վճարվելու է 2024 թվականից, ևս սխալ է, քանի որ ինչպես նշեցինք, նախորդ տարիներին սակագինը հաստատուն պահելու փոխարեն կառավարությունը «Վեոլիա Ջուր»-ին որոշակի արտոնություններ է տվել։

Կարդա՝

Մեկնաբանել