Միջադեպերի պատճառով Հանրապետական մարզադաշտը կարող է որակազրկվել. հայտարարություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը համատեղ հայտարարություն են տարածել, որում անդրադարձել են վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած միջազգային հանդիպումների ժամանակ գրանցված միջադեպերին, երբ երկրպագուներ են ներխուժել խաղադաշտ, տրիբունաներում տեղի են ունեցել ծեծկռտուքի դեպքեր: Հայտարարության մեջ նշվում է, որ նմանատիպ դեպքերը չբացառելու դեպքում Հայաստանում առկա եվրոպական բարձր չափանիշներին համապատասխան միակ՝ «Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած միջազգային հանդիպումների ընթացքում գրանցվել են ֆուտբոլային հանդիպումների, ընդհանրապես, սպորտի հետ անհամատեղելի իրադարձություններ, որոնք հղի են հայկական ֆուտբոլի համար ամենալուրջ հետեւանքներով:

Հանդիպումներին ներկա տասնյակ քաղաքացիներ՝ մեծամասամբ դեռահասներ, մուտք են գործել խաղադաշտ, տրիբունաներում պարբերաբար արձանագրվել են ծեծկռտուքի դեպքեր, իրականացվել են նաեւ մի շարք քաղաքական ակցիաներ:

Իրենց պարտականությունները կատարելիս թերացել են նաեւ անվտանգության աշխատակիցները, ինչի համար հայցում ենք ձեր ներողամտությունը: ՀՖՖ-ի և «Փյունիկ» ՖԱ ներկայացուցիչներն աշխատանքներ են տանում անվտանգությունն ապահովող կազմակերպությունների հետ՝ հետագայում նման իրավիճակները բացառելու համար:

Միեւնույն ժամանակ անվտանգության աշխատակիցների՝ անգամ ամենամեծ քանակի դեպքում ուղղակի հնարավոր չէ կանխել նման անցանկալի իրադարձությունները, եթե չլինի բոլորի՝ ֆուտբոլային հանրության, երկրպագուների, հատկապես լրատվամիջոցների աջակցությունը:

Հայաստանում այս տարի կայացած միջազգային գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում և դրանցից հետո արձանագրվել են նման դեպքեր, ինչի համար մեծ տույժեր են կրել ՀՖՖ-ն և հայկական ակումբները: Ցանկանում ենք ընդգծել, սակայն, որ տուգանքները կրում են ժամանակավոր բնույթ: Նմանատիպ դեպքերը չբացառելու դեպքում Հայաստանում առկա եվրոպական բարձր չափանիշներին համապատասխան միակ՝ «Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել. ինչպես Հայաստանի ազգային հավաքականը, այնպես էլ մեր ակումբները ստիպված կլինեն տնային հանդիպումներն անցկացնել չեզոք խաղադաշտերում՝ այլ երկրներում:

Հաշվի առնելով, որ «Փյունիկը» այս տարի մասնակցելու է եվրոպական մրցաշարերից մեկի խմբային փուլին եւ դեռ անցկացնելու է առնվազն 4 տնային հանդիպում, ինչպես նաեւ սեպտեմբերի 24-ին Երեւանում կայանալու է Հայաստան-Ուկրաինա ազգային հավաքականների հանդիպումը, դիմում ենք բոլոր շահագրգիռ անձանց՝ առաջարկելով համատեղ ուժերով կանխել ֆուտբոլ խաղի հետ առնչություն չունեցող ցանկացած դրսևորում:

Այս համատեքստում կոչ ենք անում լրատվամիջոցներին չտարածել անկարգությունները ներկայացնող տեսանյութերը և լուսանկարները:

Կոչ ենք անում հատկապես ծնողներին թույլ չտալ իրենց երեխաներին մուտք գործել խաղադաշտ. դա ինքնահաստատվելու լավագույն միջոցը չէ:

Դիմում ենք ֆուտբոլի իրական սիրահարներին, երկրպագուներին, ֆան ակումբներին՝ եկե՛ք միասին կարգ ու կանոն հաստատենք մեր խաղադաշտերում՝ հետագայում հայկական ֆուտբոլի համար անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով»,- նշված է հայտարարությունում։