Նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ թշնամու կողմն անցնելու դեպքերի առթիվ․ Դատախազություն

Հայաստանի Գլխավոր դատախազությունը հայտնում է պետական դավաճանության, թշնամու կողմն անցնելու դեպքերի մասին։ Դատախազության և ազգային անվտանգության ծառայության համագործակցության արդյունքում նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ:

«Մասնավորապես, ըստ առկա փաստական տվյալների՝ ՀՀ քաղաքացի Վ. Ղ.-ն, 2017-ին հավաքագրվելով օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից, թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ տեսակի օգնություն է ցույց տվել նրանց, իր նախաձեռնությամբ կապ է հաստատել Վրաստանում Ադրբեջանի դեսպանության աշխատակիցների հետ, իսկ 2022-ի հունիսի 7-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետով ՀՀ-ից հեռանալուց հետո օգոստոսի 7-ին տեսաուղերձով դիմելով Ադրբեջանի նախագահին՝ հայտարարել է, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և ցանկանում է ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն: Այդ կերպ կատարվել Է պետական դավաճանություն, որն արտահայտվել են թշնամու կողմն անցնելով, լրտեսությամբ՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկ այլ ՀՀ քաղաքացի էլ, ըստ Դատախազության՝ բնակվելով Ստամբուլում, հավաքագրվել է օտարերկյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից և «Ֆեյսբուք»-ում կատարած հրապարակումներում հանդես է եկել հակահայկական հայտարարություններով:

«Ի. Վ.-ն 2022-ի ընթացքում «Ֆեյսբուք»-ում կատարած հրապարակումներում գովաբանել է ադրբեջանական իշխանություններին, նրանց վարած քաղաքականությունը, քննադատել 2020-ի սեպտեմբերի 27-ից սկսված արցախա-ադրբեջանական պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի գործողությունները, ինչպես նաև դիմելով Ադրբեջանի նախագահին՝ խնդրել է իրեն շնորհել Ադրբեջանի քաղաքացիություն և հնարավորություն տալ բնակվել ու աշխատել Ստեփանակերտ քաղաքում՝ Ադրբեջանի իրավազորության ներքո: Այդ կերպ նա առերևույթ կատարել է պետական դավաճանություն, որն արտահայտվել է թշնամու կողմն անցնելով և լրտեսությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։