Գագիկ Բեգլարյանի երևանյան 47 գույքերը, 6 մլրդ վնասը և դատարան չհասնող գործը

Մկրտիչ Կարապետյան

Հովհաննես Նազարեթյան

Ազգային անվտանգության ծառայությունը 2020-ի սկզբին հաղորդագրություն տարածեց Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի ներգրավմամբ քրեական գործերի մասին, որոնք վերաբերում էին համայնքապատկան գույքերի սեփականաշնորհմանն ու պաշտոնեական դիրքի չարաշահմանը։ Քրեական այս գործով Բեգլարյանը մեղադրյալ է։ 2,5 տարի անց այս գործը դեռ դատարան չի հասել, քրեական գործի ընթացքի մասին ԱԱԾ-ն նոր հաղորդագրություններ չի տարածել և հրաժարվում է գործի մասին տվյալներ տրամադրել։ ՍիվիլՆեթի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետը մեղադրվում է 31 անուն գույքի անօրինական ձեռքբերման մեջ։

ՍիվիլՆեթը գրավոր հարցում էր ուղարկել ԱԱԾ քննչական դեպարտամենտին՝ խնդրելով տեղեկացնել, թե որ փուլում է քրեական այս գործը։ ԱԱԾ ավագ քննիչ Նորայր Այվազյանը պատասխանել է՝ «կատարվում են քննչական և այլ դատավարական գործողություններ», և նախաքննության վերաբերյալ այլ տվյալներ հրաժարվում են հայտնել, այդ թվում՝ պետությանը պատճառված վնասի չափի մասին։

Ըստ քրեական գործի՝ այն ժամանակ, երբ Բեգլարյանը Կենտրոն համայնքի ղեկավարն էր (2002-2009), իսկ հետո քաղաքապետ (2009-2010), համայնքային 31 անուն անշարժ գույք վաճառվել կամ աճուրդային կարգով օտարվել է Բեգլարյանին փոխկապակցված անձանց, որոնք հետագայում ձևական առքուվաճառքով դրանք փոխանցել են Գագիկ Բեգլարյանի հորը, որդուն։ Թեպետ ԱԱԾ-ն չի հայտարարում պետությանը պատճառված վնասի չափը, բայց այն մայիսի դրությամբ մոտ 6,1 մլրդ դրամ է։ Բեգլարյանի՝ թաղապետ և քաղաքապետ եղած ժամանակ օտարված համայնքային գույքերը հիմնականում Երևանի Կենտրոնում են։ Չնայած ԱԱԾ քննչական դեպարտամենտը գործի քննությունը սկսել էր 2020-ի սկզբին, բայց 31 միավոր այս գույքերի վրա կալանք է դրել միայն այս տարվա մայիսին։ 2019-ին «Հետքը» պարզել էր, որ Կենտրոնում չորս մանկապարտեզ է փակվել, դրանց տարածքներն էլ անցել Բեգլարյանին ու նրա հետ փոխկապակցված անձանց։ Դրանք գտնվում էին Թամանյան փողոցում՝ Կասկադում, Սայաթ-Նովա փողոցում, Թումանյան փողոցում, Նորագյուղում։ Կալանքը տարածվել է նաև այս գույքերի վրա։

Գագիկ Բեգլարյանի մտերիմների ձեռք բերած, ապա նրա ընտանիքի անդաներին օտարված գույքերը գտնվում են Մաշտոցի պողոտայում, Սարյան, Պուշկին, Իսրայելյան, Խորենացի, Տերյան, Կողբացի, Չարենցի փողոցներում։ Սարյանում Բեգլարանին է պատկանում նախկին կաթսայատունը, որ ներկայում խարխուլ, քանդված վիճակում է։

Մաշտոցի պողոտայում գտնվող գույքերը հիմնականում բնակարանների ու նկուղների տեսքով են, իսկ Կողբացի փողոցում գտնվող գույքը հասարակական նշանակության շինություն է, որն առաջարկվում է վարձակալել։

31 անուն գույքերի մի էական մասը տարբեր բնակելի շենքերի նկուղային հարկեր ու բնակարաններ են, դրանք հանձնված են վարձակալության։ Ներկայացնում ենք Բեգլարյանի հետ փոխկապակցված անձանց ունեցած գույքերը՝ Երևանի քարտեզի վրա (այստեղ ներառված չեն Բեգլարյաններին պատկանող Ազատության պողոտայի առանձնատներն ու Հյուսիսային պողոտայի բնակարանները, ավտոհանգրվանները, այլ միայն քրեական գործով կալանադրված գույքերը):

Ըստ մեր հաշվարկների՝ նշված 31 անուն գուքերի ընդհանուր մակերեսը գերազանցում է 33 000 քմ-ն։

Գումի շուկան՝ կալանքի տակ

Երևանի թիվ 2 շուկան, որ հայտնի է որպես «Գումի շուկա», սեփականատերերի փոփոխության խճճված ճանապարհ է անցել։ Այստեղ դեռ խորհրդային տարիներից գյուղացիները վաճառվում էին միրգ ու բանջարեղեն, կաթնամթերք, մսամթերք և այլն։ Այն հայտնի էր նաև «Կոլխոզի շուկա» կամ «Կոլտնտեսության շուկա» անուններով։ Մինչև 1998-ը շուկան պետական էր, ղեկավարվում էր Հայկոոպի (Հայսպառմիության) կողմից։ 1998-ին նախապատրաստվեց, իսկ 1999-ին շուկան սեփականաշնորհվեց «Մարկոս-Տորգ» ընկերության կողմից, որը «Գումի շուկայի» հետ մեկ այլ պայմանագրով ձեռք բերեց նաև «Փակ շուկան»։ «Մարկոս-Տորգ»-ի սեփականատերը ռուսաստանաբնակ գործարար Լևոն Մարկոսն էր։ «Գումի շուկա»-ի վաճառքը Մարկոսին կազմել էր ավելի քան 2,6 միլիոն դոլար, որը 1999-ի համար բավական բարձր գին էր։

2003-ին Լևոն Մարկոսը Միացյալ Նահանգներում գրանցված «Բոլդվին ինվեստ» ընկերության հետ ներդրումներ կատարելու պայմանագիր է ստորագրում, որով «Բոլդվին ինվեստ»-ը պարտավորվում է 2,5 միլիոն դոլարի ներդրումներ կատարել շուկայի զարգացման համար, փոխարենը որպես գրավ վերցնելով «Գումի շուկա»-ի տարածքը։ Լևոն Մարկոսի ընկերությունը պայմանագրով պարտավորվել էր նաև շուկայի վերակառուցումից հետո դրա շահույթից մասհանումներ կատարել ներդրողի՝ «Բոլդվին ինվեստ»-ի համար։ Լևոն Մարկոսի սկսած շուկայի արդիականացման ներդրումային ծրագիրը, սակայն, շատ արագ ձախողվում է. բանն այն է, որ երկու շուկաների գնման համար նա մոտ 2,8 միլիոն դոլարի փոխառություն էր վերցրել ՌԴ քաղաքացի Նատալյա Դուբինսկայայից, սակայն պայմանավորված տնտեսական վատթար վիճակով, չէր կարողացել կատարել փոխառության մարումները։ Դուբինսկայան Ռուսաստանի Կոպտևսկի շրջանային դատարանի վճռով հասավ նրան, որ Լևոն Մարկոսի ընկերությունը իրեն 3,5 միլիոն դոլար փոխառության գումարը վերադարձնի։ Լևոն Մարկոսը բազմիցս հայտարարել է, որ ֆինանսական խնդիրներ սկսել է ունենալ այն ժամանակ, երբ ձեռք է բերել «Կրեդիտ Երևան» բանկը, որը եղել է սնանկացած։ «Գումի շուկայի», ինչպես նաև իր այլ օբյեկտների կորստի մեջ նա մեղադրում է Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին։

Լևոն Մարկոսից հետո «Գումի շուկան» անցնում է ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի «Մուլտի մարկետ»-ին, իսկ 2008-ին շուկայի սեփականատեր է դառնում այն ժամանակ Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի հայրը՝ Բեգլար Բեգլարյանը։ 2013-ից մինչ այժմ Երևանի թիվ 2 շուկայի սեփականատերը Գագիկ Բեգլարյանի որդին է՝ Հրանտ Բեգլարյանը։ Այս տարվա մայիսից շուկայի տարածքի վրա, որը մոտ 1,3 հա է և եռահարկ, ևս կիրառվել է կալանք։

Կալանք կա նաև Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող, 7 300 քմ տարածքով մի հողամասի նկատմամբ։ Դրա սեփականատերը Հրանտ Բեգլարյանն է։ Հողամասը գտնվում է Նորքի ինեկցիոն հիվանդանոցի հարևանությամբ։ Այս տարվա փետրվարի 14-ին Երևանի քաղաքապետի որոշմամբ հողամասին հատկացվել է հասցե։

Անցած տարվանից Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը վարույթ է սկսել Գագիկ Բեգլարյանի, նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ՝ պարզելու վերջիններիս ունեցած գույքի օրինականությունը։ Այս տարվա հունիսի 28-ին Դատախազությունը հաղորդեց, որ Բեգլարյանից ու նրա հարազատներից կբռնագանձվի 16,8 միլիարդ դրամի ապօրինի գույք ու ակտիվներ՝ այդ թվում 11 բնակարաններ ու ավտոհանգրվաններ Հյուսիսային պողոտայում, երեք տարածք Արշակունյաց պողոտայում, երկու առանձնատուն Ազատության պողոտայում, երկու հողամաս Ծաղկաձորում, մեկ հողամաս Սիս համայնքում։

Դատարանը վարույթ է ընդունել գույքի բռնագանձման հայցը։ Գլխավոր դատախազությունը ՍիվիլՆեթի հարցին հստակ չի պատասխանել, թե ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում կալանք կիրառված 31 գույքերից քանիսն են անցնում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Միայն պատասխանել է, որ դրանք «հիմնականում նույնական են»։ Այնուհանդերձ, ԱԱԾ-ի քրեական գործում ընդգրկված գույքերի ցանկի և դատախազության հայտարարած տվյալների համադրմամբ պարզ է դառնում, որ ԱԱԾ-ի բացահայտած 31 անուն գույքերին պետք է գումարել Բեգլարյաններին պատկանող 11 բնակարաններն ու ավտոհանգրվանները Հյուսիսային պողոտայում, երեք տարածքները Արշակունյաց պողոտայում ու երկու առանձնատները Ազատության պողոտայում։ Այս դեպքում, ընդհանուր առմամբ, Բեգլարյանների ունեցած գույքերի թիվը կհասնի 47-ի։

Մեկնաբանել