«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 1 զոհ

Ըստ նախնական տվյալների՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա մեկ զոհ, հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Առողջապահության նախարարությունն էլ հաղորդում է, որ պայթյունի հետևանքով 26 տուժած բուժօգնություն է ստանում տարբեր բժշկական կենտրոններում։

«Ժամը 15:00 դրությամբ՝ Շենգավիթ բժշկական կենտրոն է տեղափոխվել 14 տուժած, որից 5-ը ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել: Պայթյունի հետևանքով «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 3, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ 4, «էրեբունի» ԲԿ՝ 4, Թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ 6 տուժած: Բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 14-ին` ժամը 13։23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ ՝ հրդեհի բռնկմամբ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել փրկրարար ծառայության տասից ավելի մարտական հաշվարկ։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված քաղաքացիներից մի քանիսը ստացել են առաջին բուժօգնություն և գնացել տուն, նրանցից միայն մեկը՝ 5-ամյա մի աղջիկ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին էլ հայտնել են ԲԿ-ից։

Առողջապահության նախարարությունից էլ հերքում են համացանցում պտտվող լուրերը, թե պայթյունի հետևանքով 5 տարեկան երեխա է մահացել:

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը հայտնել է, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը