«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով՝ 3 զոհ, ավելի քան 60 վիրավոր (թարմացված)

23։00

«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է ԱԻՆ-ը՝ ներկայացնելով ժամը 22։15-ի դրությամբ առկա տեղեկությունները։ Երկու քաղաքացիների ինքնությունը պարզված է՝ Անահիտ Մխիթարյան և Միսակ Մարգարյան։

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվը հասել է 61-ի: Երևանի քաղաքապետարանի խոսնակի փոխանցմամբ՝ անհետ կորածների թիվը 27 է։

20։04

«Պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ երկուս է: Տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 60-ի: Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել: Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», «Աստղիկ» և «Նաիրի» բժշկական կենտրոններում»,- ասված է ԱՆ հաղորդագրությունում։

Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 14-ին` ժամը 13։23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ ՝ հրդեհի բռնկմամբ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել փրկրարար ծառայության տասից ավելի մարտական հաշվարկ։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը հայտնել է, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Մեկնաբանել