Իվանիշվիլիի կողմնակիցները ԱՄՆ-ին մեղադրում են Վրաստանում հեղաշրջման փորձի մեջ

Շոթա Կինչա, OC media

Վրաստանում Բիձինա Իվանիշվիլիի հավատարիմ կողմնակից չորս պատգամավոր ԱՄՆ-ին մեղադրում են երկրում հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ։ Օգոստոսի 11-ին չորս պատգամավորները, որոնք այս ամառ լքել էին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որպեսզի կարողանան «ավելի բաց խոսել», մի շարք մեղադրանքներ են ներկայացրել ԱՄՆ-ի դեմ՝ ևս մեկ անգամ պաշտպանելով «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին։

Համատեղ հայտարարության մեջ Սոզար Սուբարին, Միխեիլ Կավելաշվիլին, Դիմիտրի Խունդաձեն և Գուրամ Մաչարաշվիլին ասել են, որ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն է կանգնած առնվազն 2018-ից ի վեր երկրում տեղի ունեցած գրեթե բոլոր քաղաքական հակասությունների հետևում:

Ըստ նրանց՝ ԱՄՆ-ը համակարգում է «արմատական ընդդիմության արմատական օրակարգը», և որ նրանց «հեղափոխական սցենարը» Վրաստանում կշարունակվի։ «Ակնհայտ է, որ ինչպես պետական հեղաշրջման, այնպես էլ երկրորդ ճակատի [Ռուսաստանի հետ պատերազմի] մեկնարկի նպատակը մնում է կենսականորեն արդիական»,- ասված է նրանց հայտարարության մեջ։

Չնայած պետական պաշտոնյաները և նրանց աջակիցները գնալով ավելի բացասաբար են տրամադրվում ԱՄՆ-ի և ԵՄ-ի նկատմամբ, սա առաջին դեպքն է, երբ կառավարության հետ սերտ կապեր ունեցողները մեղադրում են ԱՄՆ-ին Վրաստանում իշխանափոխության ձգտելու մեջ:

Չորս պատգամավորները ակնարկել են, որ ԱՄՆ-ն ինչ-որ կերպ կանգնած է Գիորգի Գախարիայի՝ որպես ներքին գործերի նախարար պաշտոնավարման և վարչապետ նշանակվելու հետևում՝ «Վրացական երազանք»-ի համար խնդիրներ ստեղծելու համար։

Նրանք ենթադրում են, որ Գախարիայի օրոք տեղի ունեցած դեպքերը, ներառյալ Բասսիանի ակումբի վրա ոստիկանության գրոհը, բախումները Պանկիսիում, Գավրիլովի գիշերային ցույցերի ցրումը, 16-ամյա Դավիթ Սարալիձեի սպանության գործը և Հարավային Օսիայի հետ լարվածության աճը կառավարության տապալման դավադրության մաս են:

Նրանք նաև ավելացրել են, որ ԱՄՆ-ը նախապես ծրագրել է վարչապետի պաշտոնից նրա հրաժարականը, երբ Գախարիան մեջբերել էր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» առաջնորդին ձերբակալելու իր կուսակցության մտադրությունը՝ իշխանությանը վարկաբեկելու և «անշրջելի հեղափոխական գործընթացներ» հարուցելու համար։

Իրենց հայտարարության մեջ չորս պատգամավորները պնդել են՝ ԱՄՆ-ը հույս ուներ, որ Վրաստանում իշխանությունը փոխելու հարցում մեծ դեր կխաղան ԵՄ-ի կողմից Վրաստանին անդամակցության թեկնածուի կարգավիճակի մերժման ներքին հետևանքները։

Թբիլիսիում տեղի ունեցան առնվազն վերջին տասնամյակում ամենախոշոր հակակառավարական ցույցերը, երբ ԵՄ-ն Վրաստանից պահանջեց ժողովրդավարական բարեփոխումներ՝ նախքան Վրաստանի անդամակցության դիմումը վերանայելը: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձե/OC Media.

Պատգամավորները մեղադրել են Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելին՝ Վրաստանին 75 միլիոն եվրո օգնության փաթեթից հրաժարվելու իր ծրագրով 2021-ի տեղական ընտրություններից առաջ «Վրացական երազանքին» վնաս հասցնելու մտադրության մեջ։ «Վրացական երազանքը» այստեղ ևս օպերատիվ է գործել՝ հրաժարվելով վարկից և տապալելով դեսպանատան ծրագիրը։

Այն ժամանակ «Վրացական երազանք»-ը հերքում էր, որ չկատարված ինստիտուցիոնալ բարեփոխումների պատճառով նրանք կանգնած են օգնություն չստանալու առաջ՝ փոխարենը պնդելով, որ «վարկը» լրացուցիչ բեռ կլինի։ Պատգամավորները նաև ասել են, որ ԱՄՆ-ն «երաշխավորել է, որ [նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի] երկու երեխաները արագ առաջխաղացում ունենան», որպեսզի նրան շրջեն կառավարության դեմ։ Զուրաբիշվիլիի դուստրը Սպիտակ տանը France 24-ի թղթակիցն է, իսկ որդին՝ դիվանագետ Ֆրանսիայում։

Նրանք ասել են, որ ԱՄՆ-ը նաև աջակցել է Վրաստանում ռուս զբոսաշրջիկների դեմ «շովինիստական» արշավին՝ ԱՄՆ դեսպանատան «սիրելի արմատական ընդդիմության՝ ՀԿ-ների», ինչպես նաև հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի միջոցով:

Կարդացեք նաև՝ Վրաստանում ռուս ներգաղթյալները սառն ընդունելության են արժանանում

Նրանք ենթադրում են, որ ԱՄՆ-ը կանգնած է 2021-ի հուլիսի 5-ին Թբիլիսիում ԼԳԲՏ+ տապալված շքերթի հետևում, որը վերածվել էր քաոսի այն բանից հետո, երբ աջ ծայրահեղականները հարձակվել էին ակտիվիստների և լրագրողների վրա, իսկ ոստիկանությունը հրաժարվել ուժ կիրառել։

«Դեսպանատունը անպարտելի խաղ խաղաց. հեշտ էր հաշվարկել, որ ԼԳՊՏ+ երթը և սպասվող միջադեպերը լուրջ վնաս կհասցնեն «Վրացական երազանքին» ընտրություններից առաջ», – ասել են պատգամավորները և ավելացրել, որ ԱՄՆ դեսպանատունը ապրիլի 19-ին «պարտադրել է» Շառլ Միշելի համաձայնագիրը Վրաստանին:

Իշխող կուսակցության և մի քանի ընդդիմադիր խմբերի միջև ստորագրված համաձայնագիրը ստորագրվել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և նպատակ ուներ վերջ դնել Վրաստանում քաղաքական ճգնաժամին: 2021-ի հուլիսին «Վրացական երազանքը» հրաժարվեց գործարքից։ Կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ կուսակցությունը ցանկանում է երկիրը վերադարձնել «սահմանադրական շրջանակ»:

Կրկնելով այդ կարծիքը՝ չորս պատգամավորներն ասել են, որ ԱՄՆ դեսպանատունը «մասամբ հանել է» Վրաստանը «սահմանադրական շրջանակից»։ Հայտարարությամն նրանք նաև մեղադրում են ԱՄՆ-ին՝ իշխող կուսակցությանը ընտրական համակարգը հօգուտ ընդդիմության փոխել ստիպելու մեջ։

Բիձինա Իվանիշվիլիի՝ իր 2019-ի խոստումից ետ կանգնելուց հետո, այն է՝ ազատվել Վրաստանում ընտրական համակարգի մեծամասնական բաղադրիչից, «Վրացական երազանքը» հաջորդ տարի համաձայնեց մեծամասնական պատգամավորների թիվը կրճատել 73-ից 50-ի 150-տեղանոց խորհրդարանում:

Անցումն ամբողջությամբ համամասնական ընտրությունների Թբիլիսիում ամիսներ շարունակ բողոքի ցույցերի հանգեցրեց: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձե/OC Media.

Չորս պատգամավորներն իրենց որևէ պնդման համար ապացույցներ չեն ներկայացրել։

Իվանիշվիլիի պաշտպաններ․ «Իվանիշվիլին պաշտպանության կարիք չունի».

Օգոստոսի 11-ի իրենց հայտարարության մեջ չորս պատգամավորները բազմիցս գովաբանել են «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին, որը պաշտոնապես լքել է քաղաքականությունը 2021-ի հունվարին։ Այնուամենայնիվ, ընդդիմության և քաղաքացիական հասարակության խմբերի կողմից նրան լայնորեն մեղադրում են իշխանության նկատմամբ դե ֆակտո վերահսկողություն պահպանելու մեջ։

Չորս պատգամավորներն ասել են, որ հիասթափված են ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի վերջին հարցազրույցից, քանի որ նա չի հերքել նախկին վարչապետի՝ «օլիգարխ» լինելը:

«Ֆորմուլա» հետուստատեսության հարցին Դեգնանը պատասխանել է, որ վրաց ժողովուրդը պետք է որոշի՝ դա այդպես է, թե ոչ: ««Ֆորմուլա» այցելությունը վկայում է այն մասին, որ դեսպանն իրեն հարմարավետ է զգում միայն իր կողմից վերահսկվող լրատվամիջոցներում»,- ասել են չորս պատգամավորները։

Դեսպան Դեգնանը ավելի պրոակտիվ սկսեց դիմել վրացական հանրությանն այն բանից հետո, երբ Բիձինա Իվանիշվիլին հազվադեպ հրապարակային նամակում հաստատեց, որ Դեգնանը հանդիպել է իր հետ մարտի 21-ին՝ «Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո»։

Իշխող կուսակցության հնչեցրած ակնարկների և չորս պատգամավորների բացահայտ պնդումների ֆոնին, թե ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Իվանիշվիլիի վրա՝ Վրաստանը Ռուսաստանի դեմ պատերազմի տանելու համար, Իվանիշվիլին չհերքեց մեղադրանքը: Նա, սակայն, չի պարզաբանել, թե ինչ է քննարկվել Դեգնանի հետ հանդիպմանը։

Թե՛ հանրությանն ուղղված իր ուղիղ ուղերձից առաջ, թե՛ դրանից հետո Իվանիշվիլին իր փաստաբանների միջոցով նշել է, որ շվեյցարական Credit Suisse բանկը, իբր, արգելում է իրեն մատչում ունենալ իր ակտիվներին, և որ դա աշխարհաքաղաքական շարժառիթներ ունի։ Այս պնդումը չորս պատգամավորները կրկնել են օգոստոսի 11-ին։

Նրանք հայտարարել են, որ Իվանիշվիլին կարիք չունի իրենց կամ որևէ մեկի պաշտպանությանը, թեև նա արժանի է դրան: «[ԱՄՆ] դեսպանատունը լիովին տեղյակ է, որ Բիձինա Իվանիշվիլին չի օգտագործում իր իշխանությունը՝ կառավարությանը մանիպուլյացիայի ենթարկելու կամ նրա վրա ներգործելու համար», ասվում է հայտարարության մեջ։

Դիտորդական խմբերը տարիներ շարունակ մեղադրում են Իվանիշվիլիին Վրաստանի դատական համակարգում մի խումբ ազդեցիկ դատավորների միջոցով երկրի իշխանությունների վրա վերահսկողություն պահպանելու և նախկին աշխատակիցներին առանցքային պետական պաշտոններում նշանակելու մեջ:

Մեկնաբանել