«Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, անհետ կորածների թիվը 17 է

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի։ Նրանց ինքնությունը պարզված է՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան և Գայանե Ավետիսյան։

«Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս է բերել ևս մեկ դի: Այս պահի դրությամբ ունենք վեց զոհ: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- հայտնում է արտակարգ իրավիճակների մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Անհետ կորած է համարվում 17 քաղաքացի։ Նրանցից մեկը ՌԴ քաղաքացի է, մյուսը՝ Իրանի։

Պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխված 61 տուժածներից 13-ը շարունակում են բուժումը, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել:

***

Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը հայտնել է, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Մեկնաբանել