«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխված 61 տուժածներից 13-ը շարունակում են բուժումը, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
«Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ նախարարության՝ մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն ու դուրս են գրվել:
Ավելի վաղ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի։ Անհետ կորած է համարվում 16 քաղաքացի։
***
Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը հայտնել է, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։