Քո գրպանից՝ ճանապարհային ոստիկանության պետի ծնողներին

Դատական դեպարտամենտը օգոստոսի սկզբին երեք պայմանագիր է կնքել՝ մի քանի վարչական շենքերի ընթացիկ նորոգման աշխատանքներ ձեռք բերելու համար։

Պայմանագրերից երկուսը կնքվել են օգոստոսի 4-ին, մեկը` 8-ին։ Երեքն էլ կնքվել են «Ագաթ-777» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրերի ընդհանուր արժեքն է շուրջ 160 մլն դրամ։ Հատկանշական է, որ պայմանագրերը կնքվել են հրատապ՝ մեկ անձ ընթացակարգով։

«Ագաթ-777» ընկերությունը պետական գնումների վաղեմի մասնակիցներից ու հաղթողներից է, որը պետության հետ միլիոնավոր դոլարների պայմանագրեր է կնքել այս տարիներին։

Այս ընկերությունը 2014-2015-ին պետական բյուջեից շուրջ 1 մլրդ դրամ էր ստացել Քննչական կոմիտեի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքների համար։ Հատկանշական է, որ շենքի բացումից ամիսներ անց ուժեղ քամուց պոկվել էր արտաքին երեսպատման թիթեղների մի մասը։

Այնուհետև պարզվել էր, որ «Ագաթ 777»-ի 80 տոկոսի բաժնետերն Աղվան Կարապետյանն է, որը «Նիգ-Ապարան» հայրենակցական միության ղեկավարներից էր: «Նիգ-Ապարանի» պատվավոր նախագահը այն ժամանակվա Քննչական կոմիտեի ղեկավար, ներկայում քրեական գործերով անցնող Աղվան Հովսեփյանն էր։

Սակայն այս ընկերության կապը պաշտոնյաների հետ այդքանով չի ավարտվում։ Աղվան Կարապետյանի որդին՝ Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն է, որն այս պաշտոնին է 2016-ի հոկտեմբերից։ Մինչ այդ էլ երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում։

2018-ին Աղվան Կարապետյանի մահվանից հետո «Ագաթ 777»-ի միանձնյա բաժնետեր է դարձել Ռուզան Միհրանի Կարապետյանը, որը Եգոր Կարապետյանի մայրն է:

Մինչ այդ Ռուզաննա Կարապետյանը տիրապետում էր «Ագաթ 777»-ի 20 տոկոս բաժնեմասերին։

Եգոր Կարապետյանը երբևէ իր հայտարարագրերում չի նշել իր ծնողների՝ «Ագաթ 777»-ի մասնակցության, ինչպես նաև պետական մարմինների հետ հինգ միլիոն դրամը գերազանցող պայմանագրերի կնքման մասին: Հավանաբար պատճառն այն է, որ Եգոր Կարապետյանը շարունակում է գրանցված մնալ հայրական տանը՝ Ապարանի Արագած գյուղում, իսկ ծնողները գրանցված են Երևանի Շենգավիթ համայնքում։ Դե յուրե համատեղ չեն բնակվում:

Ինչևէ, «Ագաթ 777»-ի հաջողությունները պետական մրցույթներում շարունակվել են նաև 2018-ի իշխանափոխությունից հետո. շուրջ երեք տարում պետական մարմիններն ընկերության հետ կնքել են ավելի քան 22 պայմանագիր՝ ընդհանուր 667 մլն դրամի։ Մատակարարել է կահույք, բուսահող, մետաղապլաստե դռներ ու պատուհաններ, իրականացրել է կառուցապատման և նորոգման աշխատանքներ, տեքստիլի մաքրման ծառայություններ։ Մի խոսքով՝ շատ բազմաշնորհ ընկերություն։

Մեկնաբանել