Քըլըչը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով զոհվածների ընտանքիներին

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանքիներին։

«Խորապես ցնցված եմ Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի լուրից։ Ցանկանում եմ անկեղծ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել այդ ողբերգության հետևանքով տուժածներին»,- Թվիթերի իր էջում գրել է Քըլըչը։

***

Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը հայտնել է, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Օգոստոսի 15-ի ժամը 9:00-ի դրությամբ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, անհետ կորած է համարվում 15 քաղաքացի։ Բժշկական կենտրոններ տեղափոխված 61 քաղաքացիներից 21-ը շարունակում են բուժումը, նրանց առողջական վիճակը միջին ծանրության է։ Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել:

Մեկնաբանել