Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Փաշինյանին՝ «Սուրմալու»-ում պայթյունի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Խորին ցավակցություն եմ հայտնում Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ: Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքներ բոլոր տուժածներին»,- ասված է հեռագրում։

***

Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը հայտնել է, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Օգոստոսի 15-ի ժամը 9:00-ի դրությամբ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, անհետ կորած է համարվում 15 քաղաքացի։ Բժշկական կենտրոններ տեղափոխված 61 քաղաքացիներից 13-ը շարունակում են բուժումը, նրանց առողջական վիճակը միջին ծանրության է։ Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել: