Ակնհայտ է, որ չի կարող խոսք լինել ահաբեկչական ակտի մասին. ԱԻ նախարար

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը 99 տոկոսով համոզված է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչական ակտ չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:

«Պայթյունի պահը դիտելով՝ ակնհայտ է դառնում, որ այդտեղ չի կարող խոսք լինել տեռորիստական ակտի մասին, որովհետև նախ տեղի է ունենում որոշակի այրում, ծխագոյացում, այնուհետև պայթյուն: Այսինքն ինչ-որ չափաբաժին կրակ է եղել, այնուհետև տարածվել է պայթուցիկ նյութերի վրա: Սա, ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, 99 տոկոսանոց ճշմարտություն է»,- նշել է Փամբուխչյանը:

***

Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը հայտնել է, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Օգոստոսի 15-ի ժամը 9:00-ի դրությամբ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, անհետ կորած է համարվում 15 քաղաքացի։ Բժշկական կենտրոններ տեղափոխված 61 քաղաքացիներից 13-ը շարունակում են բուժումը, նրանց առողջական վիճակը միջին ծանրության է։ Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել: