Երևանի մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին ահազանգ է ստացվել

Ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված, հայտնում է Երևանի մետրոպոլիտենը։

Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են:

«Օգոստոսի 16-ին՝ ժամը 10:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը»,- ասված է հաղորդագրությունում։

Երևանի մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին ահազանգ էր ստացվել նաև օգոստոսի 14-ին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո։ Իրականացրած աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չէին հայտնաբերվել։