Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են ԼՂ-ում խաղաղապահների գործունեությանը վերաբերող հարցեր

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր՝ օգոստոսի 16-ին, բանակցություններ է վարել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հանդիպումը կայացել է Մոսկվայում ընթացող միջազգային անվտանգության համաժողովի շրջանակում։

Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությանը վերաբերող հարցեր:

«Մենք քննարկելու շատ բան ունենք, կան ավանդական հարցեր, որոնք վերաբերում են ռազմատեխնիկական և ռազմական համագործակցությանը։ Եվ, իհարկե, մեր խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցերը։ Առաջվա պես վստահ ենք, ինչպեսև դուք, որ գլխավոր կայունացնող գործոնը հրադադարն է շփման գծի ամբողջ երկայնքով»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Շոյգուն նաև շնորհակալություն է հայտնել Պապիկյանին՝ «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի և «Բանակ 2022» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի բացման արարողություններին մասնակցելու, ինչպես նաև Մոսկվայի միջազգային անվտանգության համաժողովում աշխատանքի համար:

Սուրեն Պապիկյանը նկատել է, որ այսօրվա հանդիպումն արդեն երկրորդն է տարեսկզբից, ինչը, ըստ նրա՝ ցույց է տալիս հայ-ռուսական երկկողմ դաշնակցային փոխգործակցության բարձր մակարդակը:

«Այս հանդիպումը մեզ համար շատ կարևոր է։ Մենք բարձր ենք գնահատում հայ-ռուսական փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև Հարավային Կովկասում ռուսական ներկայության դերը»,- ասել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Մեկնաբանել