Օգոստոսի 17-18-ը ներառյալ Հայաստանում սուգ է հայտարարվել

Ի հիշատակ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ օգոստոսի 17-18-ը ներառյալ Հայաստանում սուգ է հայտարարվել․ վարչապետի համապատասխան որոշումը հրապարակված է e-gov.am կայքում։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարել սուգ»,- նշված է որոշման մեջ։

Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ Օգոստոսի 16-ի ժամը 15:30-ի դրությամբ մահացած քաղաքացիների թիվը 16 է, նրանցից նույնականացվել են 14-ը։

Մեկնաբանել