Արցախում ևս սուգ է հայտարարվել

tatik papik nk artsakh generic

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Արցախում օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ՝ ի հիշատակ օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված անձանց:

«Արցախի պետական բոլոր գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է Արցախում և օտարերկրյա պետություններում Արցախի ներկայացուցչություններում սգո օրերին խոնարհել Արցախի Հանրապետության պետական դրոշը»,- հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Ավելի վաղ օգոստոսի 17-18-ը Հայաստանում սուգ հայտարարելու որոշում էր ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

***

Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 քաղաքացի, նրանցից 15-ի ինքնությունը պարզվել է։ Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։

Պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխված 61 տուժածներից 7-ը շարունակում են բուժումը, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել:

Մեկնաբանել