Նախնական գնահատականներով նախքան պայթյունը «Սուրմալու»-ի տարածքում 4 տոննա պայթուցիկ նյութեր են եղել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:
Հարցին՝ նկուղային, պահեստային հատվածներում դեռ կարող են լինել պայթուցիկ նյութեր, նախարարը նշել է, որ տարածքի 50-60 տոկոսն արդեն մաքրվել է և եթե լինեին այդպիսի նյութեր, ապա դրանք արդեն գտած կլինեին․ «Նախնական գնահատականներով, 4 տոննա են եղել նախքան պայթյունը»,- հավելել է նախարարը:
Նա հայտնել է, որ շարունակվում են քաղաքացիների որոնողափրկարարական աշխատանքները «Սուրմալու» առևտրի կենտրոնի այն կառույցի այն հատվածում, որը չի փլուզվել։
«Ներկա պահին հարկ եղած դեպքում տեղ-տեղ մասամբ կատարվում են հովացման աշխատանքներ։ Ինտենսիվ կերպով կուտակված փլատակներն են տեղափոխվում և զուգահեռ իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ»,– ասաց նախարարը:
Արմեն Փամբուխչյանի խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքների ավարտից հետո արդեն կքննարկվի շենքի մնացած հատվածի ապամոնտաժման հարցը։