Ռուսաստանը Հայաստանի ԱԳՆ-ին բողոքի նոտա է հղել

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ «Սուրմալու»-ի դեպքերի հետ կապված։

«Վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում արծարծվող ցինիկ նյութերից, որոնցում անարգական և կեղծ մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության հետ առնչություն ունենալու համար: Սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք նման անհեթեթությունների հետևում կանգնած քաղաքական ուժերի կողմից՝ ուղղված ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների խաթարմանը։ Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման ոչ բարեկամական դրսևորումների կանխմանը, ներառյալ՝ անհրաժեշտ հրապարակային մեկնաբանությունները»,- նշում են ՌԴ դեսպանատնից։

Նշվում է նաև, որ ռուսական կողմը՝ ի դեմս ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, առաջին րոպեներից ներգրավված է պայթյունի հետևանքների վերացման աշխատանքներում։

Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 քաղաքացի, նրանցից 15-ի ինքնությունը պարզվել է։ Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։

Պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխված 61 տուժածներից 7-ը շարունակում են բուժումը, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել:

Մեկնաբանել