Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի պայթյունի կապակցությամբ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

«Այսօր ես միանում եմ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների համար վշտացող բոլոր հայերին։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում այն ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց հարազատներին: Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- Թվիթերի իր էջում գրել է Միշելը։

***

Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 քաղաքացի, նրանցից 15-ի ինքնությունը պարզվել է։ Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։

Պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխված 62 տուժածներից 5-ը շարունակում են բուժումը, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել:

Մեկնաբանել