«Սուրմալու»-ի պայթյունի գործով հարցաքննվել է 50-ից ավելի մարդ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով հարցաքննվել է 50-ից ավելի մարդ՝ տաղավարի սեփականատերեր, տուժածներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը՝ հավելելով, որ առևտրի կենտրոնի սեփականատերը դեռ չի հարցաքննվել:

«Գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող չկա»,- ավելացրեց Թադևոսյանը:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 քաղաքացի, նրանցից 15-ի ինքնությունը պարզվել է։ Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։

Պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխված 62 տուժածներից 5-ը շարունակում են բուժումը, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել:

Մեկնաբանել