Գլխավոր Լրահոս

Չնայած վերջին լարվածությանը, խաղաղության հարցում առաջընթացի պատմական հնարավորություն դեռ կա․ ԱՄՆ պետդեպ

Չնայած վերջին լարվածությանը, խաղաղության հարցում առաջընթացի պատմական հնարավորություն դեռ կա․ ԱՄՆ պետդեպ

Միացյալ Նահանգները շարունակում է աշխատանքը՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

Նա հիշեցրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերջերս շփումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

«Մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ վերջերս տեղի ունեցած մարտերի առնչությամբ, որոնց հետևանքով գրանցվեցին մարդկային զոհեր ու վիրավորներ։ Մենք կոչ ենք արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ թուլացնելու լարվածությունը և խուսափելու կողմերի միջև հետագա էսկալացիաներից։ Լարվածության վերջին աճը, կարծում ենք, ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերը բանակցային, համապարփակ ու կայուն կերպով կարգավորելու անհրաժեշտությունը»,- նշել է Փրայսը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ կողմերի հետ աշխատանքները շարունակելու իր հանձնառությանը․ «Մենք շարունակելու ենք դա անել ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության գործընկերների հետ, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ օգնելու երկրներին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն»,- ասել է պետդեպի խոսնակը։

Փրայսի կարծիքով՝ չնայած վերջին շաբաթների լարվածության աճին, այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները շարունակում է տեսնել, որ կա պատմական հնարավորություն՝  առաջընթաց գրանցելու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում։

«Մենք մշտապես ընդունել ենք, որ սա գծային գործընթաց չի լինելու։ Հավատացած ենք, որ շարունակական երկխոսության, ներգրավման շնորհիվ՝ այդ թվում նաև ամենաբարձր մակարդակներով, կկարողանանք անել հնարավոր ամեն բան՝ օգնելու առաջ տանել երկարաժամկետ համապարփակ խաղաղությունը»,- եզրափակել է Փրայսը։

***

Oգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառել էին նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհվել էր ՊԲ երկու զինծառայող, ևս 19 զինծառայող ստացել էին տարբեր աստիճանի վիրավորումներ։

Ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքի էին դիմել նաև օգոստոսի 1-ին՝ Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում։ Ադրբեջանական կողմը շփման գիծը հատելու փորձեր էր կատարել, որոնք կասեցվել էին ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում