Չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության մասին. Քննչական կոմիտեի նախագահ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առթիվ հարուցված քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում, այդ թվում` դիտարկվել են ահաբեկչական գործողության կամ որևէ դիտավորությամբ հանցագործություն կատարելու վարկածները։ Այս մասին կառավարության այսօրվա՝ օգոստոսի 18-ի նիստին ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

«Այս պահին քրեական գործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ որևէ այլ դիտավորյալ հանցագործության հանցակազմի առկայության մասին»,- նշեց նա։

Քրեական գործում առկա ապացույցները, ըստ Քյարամյանի, ավելի շատ վկայում են անզգուշությամբ տեղի ունեցած հանցագործության մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց․ «Տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը, ըստ էության, բացառվում է, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն»։

***

Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8 000-9 000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ «Սուրմալու» շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 դի, նրանցից մեկի ինքնությունը դեռ պարզված չէ։ Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։

Երևանի տարբեր բժշկական կենտրոններ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Մեկնաբանել