Նախագահը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ի ողբերգության առնչությամբ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ։

«Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը, որը խլեց բազմաթիվ կյանքեր, ընդհանուր դժբախտություն դարձավ մեր երկրի բոլոր բնակիչների համար։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված սգո այս օրերին՝ ի հիշատակ տեղի ունեցած ողբերգության զոհերի, խորապես ցավակցում եմ զոհվածների հարազատներին և կիսում կորստյան վիշտը: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին ու տուժածներին։

Ցանկանում եմ նաև իմ և բոլորիս անունից շնորհակալություն հայտնել Արտակարգ իրավիճակների նախարարության և քաղաքապետարանի աշխատակիցներին, մեր բժիշկներին, այլ պատկան մարմինների աշխատակիցներին, Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչներին և մեր կամավորներին՝ անձնուրաց աշխատանքի համար։

Այս սարսափելի ողբերգության կապակցությամբ ևս մեկ անգամ մեր բոլոր քաղաքացիներին, տնտեսվարող սուբյեկտներին և իրավասու մարմիններին հորդորում եմ մշտապես լինել զգոն, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները, քանի որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին են»,- ասված է ուղերձում։

***

Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8 000-9 000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ «Սուրմալու» շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 դի, նրանցից մեկի ինքնությունը դեռ պարզված չէ։ Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։

Երևանի տարբեր բժշկական կենտրոններ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Մեկնաբանել