Նախարարությունը գաղտնի է պահում անորակ ճանապարհներ կառուցած կապալառու կազմակերպություններին

Նկարազարդումը՝ Todd Wiseman / Corey Leopold-ի

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Կառավարության օգոստոսի 11-ի նիստում անդրադարձ կատարվեց պետական մրցույթներ շահած ճանապարհաշինական ընկերությունների կողմից ճանապարհների կառուցման ժամկետների խախտումներին, թերացումներին և դրանց անորակությանը։

Նիստի ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ պետք է մրցույթին ցածր գին առաջարկած ընկերությունների որակի կրկնակի հսկողություն սահմանել․ ժամկետների խախտման դեպքում անբարեխիղճ շինարարները կպատժվեն։

Ավելի վաղ՝ 2022-ի մարտին, խորհրդարանում նախարարը հայտարարել էր, որ կան վատ աշխատող ճանապարհաշինարարներ, որոնք տուգանվում են «անբարեխիղճ աշխատանքի համար»։

«Առնվազն 4-5 ընկերության մասին է խոսքը: Ես ուզում եմ նշել, որ հունվարին և փետրվարին որոշ ճանապարհաշինարարների վատ աշխատանքի համար իրենք արդեն տուգանվել են […] իրենց տրվելիք գումարներից պահում է արվում։ Ես մի դեպք ասեմ՝ միայն Կապան իմ գնալ-գալը Կապանի ճանշինի վրա արժեցավ 5 մլն դրամ […] իրեն տուգանեցինք իր անբարեխիղճ աշխատանքի համար»,- ասել էր Սանոսյանը։

#CivilNetCheck-ը խնդրել էր ՏԿԵ նախարարությանը հայտնել, թե պետական միջոցներով վատ որակի և խախտումներով ճանապարհներ կառուցած ո՞ր ընկերություններն են տուգանվել, որքա՞ն և ո՞ր ճանապարհների համար։

Նախարարությունը խուսափում է պատասխանել

ՏԿԵ նախարարությունը հարցմանը պատասխանել է ավելի քան մեկ ամիս անց՝ խուսափելով տեղեկություն հայտնել տուգանված ընկերությունների կամ ճանապարհների մասին։

Նախարարությունը դրանք որակում է որպես «առևտրային գաղտնիք» և պատճառաբանում, թե ընկերությունների անվանումը և տուգանքի չափը հայտնելու դեպքում կբացահայտվի ընկերություններին վճարված գումարի չափը և եկամուտները, ինչպես նաև կարող է արատավորվել նրանց «բարի համբավը»։


Հատված գերատեսչության պաշտոնական պատասխանից

Նախարարության կողմից անորակ ճանապարհներ կառուցած և տուգանված կապալառու կազմակերպությունների անվանումները գաղտնի համարելը առնվազն տարակուսելի է, քանի որ հենց ՏԿԵ նախարար Սանոսյանն է ամիսներ առաջ որպես օրինակ բերել տուգանված «Կապանի ՃՇՇ» ՍՊ ընկերությունը և կատարված նվազեցման չափը՝ 5 մլն դրամ տուգանքը։

Բացի այդ, ինչպես հենց նախարարությունն է նշել պատասխանում, բոլոր ճանապարհաշինարարական աշխատանքների համար կապալառուներին վճարված գումարների չափը և եկամուտները արդեն իսկ հասանելի են գնումների էլեկտրոնային armeps համակարգի կայքում։


Նախարար Գնել Սանոսյանի այցը «Կապանի ՃՇՇ»-ի կողմից կառուցվող Կապան-Ճակատեն ճանապարհատված, 2022-ի հունվար

Թե ինչպե՞ս կարող է այդպիսով արատավորվել ճանապարհաշինարարների «բարի համբավը», որոնց նախարարը բազմիցս որակել է «անբարեխիղճ», անհայտ է, սակայն նախարարության այս պատասխանը իրավական տեսանկյունից միանշանակորեն չի կարող հանդիսանալ հիմնավորում։ Առհասարակ՝ նախարարության լիազորությունների շարքում չի մտնում պաշտպանել ճանշինների «բարի համբավը» կամ դատարանի փոխարեն որոշումներ կայացնել դրա արատավորման հետ կապված։

Մերժման իրավական հիմնավորումներն անհիմն են

Գերատեսչությունը վատ որակով ճանապարհներ կառուցած ընկերությունների մասին տեղեկությունը համարում է առևտրային գաղտնիք, հղում անելով քաղաքացիական օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի՝ առևտրային գաղտնիք է հանդիսանում այն տեղեկատվությունը, որը՝

  1. երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք;
  2. չկա օրինական հիմքերով այն ազատորեն ստանալու հնարավորություն;
  3. տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար:

Հոդվածում նախատեսված երեք պայմանները համարժեք են և դրանցից թեկուզ մեկի բացակայության դեպքում հայցվող տեղեկատվությունը չի կարող որակվել որպես առևտրային գաղտնիք։ Ինչպես արդեն նշեցինք՝ դրանում առկա չէ իրական կամ հնարավոր առևտրային արժեք, իսկ ճանապարհի կառուցման պայմանագրերից ընկերության ստացած եկամուտները արդեն իսկ հրապարակայնորեն հասանելի են armeps.am կայքում։ Պայմանագրի սկզբնական արժեքից հանելով տուգանքի չափը որևե առևտրային արժեքավոր տվյալ չենք ստանա։

Այդուհանդերձ, հոդվածի մյուս երկու պայմանները ևս չեն գործում՝ տեղեկատվություն ունեցողը միջոցներ չի ձեռնարկում դրա գաղտնիության համար (տես՝ ՏԿԵ նախարարի ելույթը ԱԺ-ում)։ Տեղեկատվությունն ազատորեն ստանալու հիմք են հանդիսանում պետական գնումների նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը, ինչպես նաև Սահմանադրության 51-րդ հոդվածը, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 9-րդ և 12-րդ հոդվածները։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» մեկնաբանությունը

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնում» նախարարության պատասխանը որակեցին անհիմն մերժում։

««Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» այս պատասխանը որակում է որպես անհիմն մերժում։ Առևտրային գաղտնիքի սահմանումը տվող իրավական ակտին հղումը չի հաստատում, որ պահանջվող տեղեկատվությունը առևտրային գաղտնիք է։ Նախարարությունը չի տրամադրել բավարար հիմնավորում, թե ինչ առևտրային արժեք կարող են պարունակել այդ տվյալները։ Միաժամանակ կարևոր է նաև այն հանգամանքը, որ նախարարությունը որպես հիմնավորում նշում է կազմակերպությունների վարկանիշը, ինչը հանրային շահի, հանրային վերահսկողության արդյունավետության տեսանկյունից անարդարացի է․ ստացվում է, որ պետությունը թաքցնում է իրենց պարտավորությունները չկատարած/խախտած կազմակերպությունների անվանումները, այնինչ հանրային միջոցների թափանցիկ կառավարման տեսանկյունից ոչ միայն պետք չէ թաքցնել, այլև պետք է բարձրաձայնել՝ ցույց տալու պետության արդյունավետ աշխատանքը վերահսկողության գործընթացում և կանխարգելելու նմանօրինակ խախտումները»,- նշված է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ծրագրերի համակարգող Մանե Մադոյանի պատասխանում։

Մեկնաբանել