Հայաստանը հայ-ադրբեջանական սահմանին երեք նոր անցակետ կստեղծի

Լուսանկարում Սոթք-Քարվաճառ ճանապարհին 2020-ի նոյեմբերին տեղադրված անցակետն է։

Հայկական կողմը հայ-ադրբեջանական պետական սահմանի երեք հատվածներում՝ Սոթքում, Երասխում և Քարահունջում, նոր սահմանային անցման կետեր կստեղծի։ Համապատասխան նախագիծը մշակել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

Նախագծի ընդունումը պայմանավորված է օգոստոսի 4-ին կառավարության նիստի ընթացքում Հայաստանի վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ ապահովել՝ ՀՀ օրենսդրության համաձայն»։

Ըստ նախագծի՝ սահմանի նոր անցակետեր են ստեղծվելու Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից դեպի Քարվաճառ (Քելբաջար), Արարատի մարզի Երասխ համայնքից դեպի Սադարակ և Սյունիքի մարզի Քարահունջ համայնքից դեպի Էյվազլի ավտոճանապարհներին։

«Նախագծի կարգավորման առարկան ՀՀ-ում պետական սահմանի նոր անցման կետերի ստեղծումն է՝ պետական սահմանով անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների անցումը կազմակերպելու և իրականացնելու նպատակով»,- նշված է հիմնավորման մեջ։

Մեկնաբանել