Գյումրիում ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած անձը կալանավորվել է

Դատախազությունը հայտնում է, որ ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած անձը կալանավորվել է։ Կեղծ տեղեկություններ հայտնողը Գյումրի քաղաքի բնակիչ Ջ.Ս.-ն է:

«2022-ի օգոստոսի 15֊ին, ժամը 22:26-ին, ժամը 22:42-ին և ժամը 22:55-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և 911 ծառայություն զանգահարել է մի քաղաքացի և տեղեկություն փոխանցել այն մասին, որ 25 րոպեի ընթացքում պատրաստվում է պայթեցնել ՀՀ Ազգային ժողովի շենքը, կպայթեցնի ազգային տեսչությունը և հարկայինի շենքը: Բացի այդ, 2022-ի օգոստոսի 16-ին ժամը 12:06-ին և ժամը 12:08-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և 911 ծառայություն նույն հեռախոսահամարից անձը կրկին տեղեկատվություն է հայտնել այն մասին, որ 5 «էկվադիտ» է տեղադրել հարկայինի մոտ և եթե 20 րոպեում իրեն չմոտենան, իրեն շենքի հետ միասին կպայթեցնի»,- ասված է հաղորդագրությունում։

Ոստիկանության ու ԱԻՆ փրկարարական ջոկատի աշխատակիցների կողմից կատարվել են ստուգումներ, որի արդյուքնում պարզվել է, որ հայտնված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

Գյումրու բնակչի քրեական հետապնդում է հարուցվել՝ այն բանի համար, որ նա հայտնել է ահաբեկչության մասին սուտ տեղեկություն, ինչի արդյունքում ստեղծվել է սարսափի մտնոլորտ, առաջացել խուճապ, որը տևական ժամանակ կազմալուծել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Շիրակի վարչության գործունեությունը:

«Հաշվի առնելով վերջին շրջանում նմանատիպ բնույթի կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքերի աճը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ հաղորդակցության ցանկացած միջոցով ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ հայտնելու փորձերից, որոնք ժամանակավորապես կազմալուծում են կոնկրետ հաստատությունների բնականոն աշխատանքը, ստեղծում հասարակական միջավայրում վախի, խուճապի տրամադրություններ, խաթարում հասարակական կյանքի կենսագործունեությունը: Բոլոր նման դրսևորումները, լինելով քրեորեն պատժելի, ենթարկվելու են մանրակրկիտ քննության»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել