Պատրիարք Կիրիլը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին «Սուրմալու»-ի պայթյունի կապակցությամբ

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Մեծ տխրությամբ ընդունեցի Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը: Հրդեհի և շինության փլուզման հետևանքով մահացել և տուժել են շատ մարդիկ:

Խորապես կարեկցում եմ եղբայրական Հայաստանի ժողովրդին և խնդրում եմ փոխանցել ցավակցության իմ խոսքերը բոլոր նրանց, ում դիպչել է այդ սարսափելի դժբախտությունը, մանավանդ նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին և բարեկամներին: Ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ Ռուս Ուղղափառ եկեղեցին՝ ի դեմս հոգևորականության և Երևանյան-Հայկական թեմը՝ ի դեմս հետևորդների, պատրաստ են ցուցաբերել բարոյական աջակցություն բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

Մարդասեր Աստված թող ողորմությամբ ընդունի հանգուցյալների հոգիները, սփոփի սգավորներին և տուժածներին պարգևի շուտափույթ ապաքինում»,- ասված է հեռագրում։

***

Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 քաղաքացի, նրանցից 15-ի ինքնությունը պարզվել է։ Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։

Պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխված 62 տուժածներից 4-ը շարունակում են բուժումը, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել:

Մեկնաբանել