Հարյուրավոր միլիոններ` դեպի Հայաստան․ ապա՝ Հայաստանից դուրս

Այս տարվա մարտից, երբ հավաքական Արևմուտքը Ռուսաստանի դեմ շատ կարճ ժամանակում կիրառեց աննախադեպ ծավալի պատժամիջոցներ, այդ երկրից Հայաստան կտրուկ աճել են դրամական փոխանցումները: Նույն ժամանակահատվածում նշանակալիորեն աճել է նաև Հայաստանից գումարների արտահոսքը, որը փորձագետների գնահատմամբ կարող է նաև պայմանավորված լինել ՀՀ ֆինասական ենթակառուցվածքներով «փախչող» ռուսական կապիտալի մեծ ծավալներով:

Համաձայն Կենտրոնական բանկի հրապարակած Արտաքին հատվածի վիճակագրության ցուցանիշների` այս տարվա հունիսին ՀՀ բանկերի միջոցով մասնավոր դրամական փոխանցումները հասել են ռեկորդային ծավալի` շուրջ 598 մլն դոլարի: Նախորդ տարիների նույն ժամանակահատվածում երբևէ նման ցուցանիշ չի գրանցվել:

Հայաստան դրամական փոխանցումների կտրուկ աճը մեկնարկել է այս տարվա մարտից, երբ արևմտյան երկրները շաբաթների ընթացքում փաստացի խզեցին Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերը (բացի էներգակիրներից) և խստագույն պատժամիջոցներ կիրառեցին ՌԴ-ի ֆինանսական բնագավառի նկատմամբ՝ անջատելով այդ երկիրը միջազգային միջբանկային SWIFT համակարգից, սառեցնելով Ռուսաստանի Կենտրոնական բանկի հարյուրավոր միլիարդ դոլարի հասնող օտարերկրյա ակտվիները:

Այդ ժամանակահատվածից ռուսաստանցիների միգրացիային զուգահեռ, որից հետո շրջանառվեց այժմ սորովական դարձած ռելոկանտ տերմինը, այդ երկրից սկսվեց ակտիվների արտահոսքը: Այս տարվա մարտին բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով Հայաստան է փոխանցվել ավելի քան 252 մլն դոլար, որից 115 մլն դոլարը` Ռուսաստանից, 60 մլն-ը` ԱՄՆ-ից․ ապրիլին` շուրջ 300 մլն դոլար (174 մլն դոլարը` Ռուսաստանից, 56 մլն-ը` ԱՄՆ-ից), մայիսին` ավելի քան 412 մլն դոլար (266 մլն դոլարը` Ռուսաստանից, 57 մլն-ը` ԱՄՆ-ից) և վերջապես հունիսին` ռեկորդային 600 մլն դոլար (452 մլն դոլարը` Ռուսաստանից, 62 մլն-ը` ԱՄՆ-ից):

Ըստ էության փոխանցված գումարների մի զգալի մասը Հայաստանում չի հանգրվանել, քանի որ նույն ժամանակահատվածի արտահոսքի ցուցանիշները ևս տպավորիչ են: Այսպես, մարտին բանկերի միջոցով Հայաստանից արտահոսել է ավելի քան 161 մլն դոլար, որից 64 մլն դոլարը` Ռուսաստան, 25 մլն-ը` ԱՄՆ, ապրիլին` շուրջ 140 մլն դոլար (31 մլն դոլարը` Ռուսաստան, 23 մլն-ը` ԱՄՆ), մայիսին` ավելի քան 146 մլն դոլար (27 մլն դոլարը` Ռուսաստան, 20 մլն-ը` ԱՄՆ) և վերջապես հունիսին` նույնպես 231 մլն դոլար (31 մլն դոլարը` Ռուսաստան, 26 մլն-ը` ԱՄՆ):

Արևմտյան պատժամիջոցների հետևանքով հատկապես արտաքին աշխարհի հետ աշխատող ռուսական կապիտալն այս ընթացքում փրկօղակներ է փնտրում: Նրանցից շատերի համար Ռուսաստանը թեև եկամտաբեր շուկա է, սակայն պատժամիիջոցների հետևանքով դարձել է «տոքսիկ», ուստի պարտադրված են անգամ ի վնաս իրենց հեռանալ այնտեղից: Կապիտալի նման միգրացիայի պարագայում, որպես կանոն, կարևորվում են տնտեսական պատերազմական գոտիներին հարող, բայց հարաբերականորեն խաղաղ հանգրվաններ:

Այս ընթացքում Թուրքիային, Միացյալ Արաբական Էմիրութուններին զուգահեռ քիչ թե շատ նման դերակատարություն ստանձնել են Հայաստանը և արևմտյան պատժամիջոցներին չմիացած Վրաստանը: Հենց այս երկրներիում են հանգրվանել նաև ռուսաստանցի ռելոկանտների մեծ մասը: Այլ կերպ ասած, այս երկրներն օգտագործում են ճգնաժամի հնարավորությունները: Ուստի վերջին ամիսներին նաև Հայաստանի հետ Ռուսաստանի առևտրատնտեսական կապերի կտրուկ ակտիվացումը պատահական չէ: Թերևս դրանով կարելի է բացատրել նաև Ռուսաստանից Հայաստան հոսող և Հայաստանից արտահոսող գումարների մի մասը, որն, ըստ փորձագետների, կարող է ուղղվել զուգահեռ ներկրման կամ Հայաստանի միջոցով Ռուսաստան «սանկցիոն» ապրանքների վերարտահանման գործարքների ֆինանսավորմանը:

Համաձայն Վիճակագրական կոմիտեի հրապարակման, այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան 48%-ով աճել է Հայաստանից Ռուսաստան արտահանումը` հասնելով 543 մլն դոլարի:

***

Հատկանշական է, որ Թուրքիան արդեն իսկ հայտնվել է արևմտյան երկրիների ուշադրության ներքո Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հնարավորություններ տրամադրելու պատճառով: Այդ մասին գրել է ամերիկյան The Financial Times-ը` հղում անելով իր աղբյուրներին: Անհանգստության առիթը կտրուկ աճող առևտրի ծավալներն են: Եվրամիությունը կարծում է, որ Անկարան կարող է օգնել Մոսկվային փոխարինել եվրոպական «սանկցիոն» ներմուծումն ու արտահանումը, հրատարակությանը հայտնել են երկու պաշտոնյաներ:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել