Միայն 1996 թվականին է Հայաստանը գերազանցել Ադրբեջանին և Վրաստանին. Հրանտ Բագրատյան

Օրերս Հայաստանի վերջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը, ով 90-ականներին հեռացել էր Հայաստանից, հայտարարել է, որ այդ ժամանակ պետության կողմից անտարբեր վերաբերմունք է եղել մարզիկների նկատմամբ։ Հրանտ Բագրատյանը, ով 1993-96թթ․-ին ղեկավարել է ՀՀ կառավարությունը, երեկ Ֆեյսբուքի իր էջում պատասխանել է Նազարյանի մեղադրանքներին։

«Արմեն Նազարյանը հրաշալի մարզիկ է։ Ցավոք սրտի նա անկախության մեր տարիների շրջանի միակ օլիմպիական չեմպիոնն է (Ատալանտա, 1996)։ Ի դեպ այն ժամանակ ընդհանուր թիմային պաշտոնական հաշվարկում Հայաստանը գրավեց 45-րդ տեղը՝ առաջ անցնելով Ադրբեջանից (61-րդ տեղ) և Վրաստանից (65-րդ տեղ)։ Սիդնեյում մենք ցավոք 64-րդն էինք, իսկ Պեկինում՝ 78-րդը։ Աթենքում ընչհանրապես 0 ենք եղել։ Վերջին 3 դեպքերում մենք միշտ զիջել ենք Վրաստանին ու Ադրբեջանին։

Սա ցույց է տալիս, որ օլիգարխներին սպորտային կառույցներն ու ֆեդերացիաները նվիրելը ոչ մի լավ բանի չեն բերում։ Ավելի ճիշտ է այդ կառույցների դեմոկրատացումը, օլիգարխների ազդեցությունից հանելը։ Ուզում են նրանք սպորտին օգնել, թող վարվեն Մանթաշովի պես, այլ ոչ թե օգնության դիմաց սպորտի ադմինիստրատիվ լծակները վերցնեն ձեռքները։ Այս պարագայում, անգամ եթե նրանց մտադրությունն ազնիվ է, ընտրության սահմանափակման հետևանքով արդյունքները ցածր են լինում։ Հիմա Արմենի մասով։ Անձամբ ես նրան 1996-ին տվել եմ կառավարության որոշմամբ 10000 դոլար։ Այն ժամանակ դա շատ մեծ փող էր։ Կարելի էր Երևանում լավ բնակարան գնել։ Արմենն այդուհանդերձ լքել է Հայաստանը։ Չգիտեմ երբ, բայց քանի դեռ վարչապետ էի ուշադիր եմ եղել նրա նկատմամբ։ Ճիշտն ասած նա ինձ չի դիմել։ Գուցե նա պրոբլեմներ է ունեցել հետո։ Չգիտեմ», – գրել է Բագրատյանը։

Մեկնաբանել