Կառավարությունում քննարկվում է «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին աջակցելու հարցը

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կան քննարկումներ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին և ֆիզիկապես տուժած անձանց համար պետական աջակցության ծրագիր իրականացնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը:

«Նախարարությունում այս պահին կան քննարկումներ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին և ֆիզիկապես տուժած անձանց համար պետական աջակցության ծրագիր իրականացնելու ուղղությամբ։ Միջոցառման շահառուների հստակ շրջանակի, աջակցության ձևաչափի և այլնի մասին՝ կտեղեկացնենք լրացուցիչ, երբ ունենանք առավել հստակ պատկեր»,- ասել է Մանուչարյանը։

Հարցին, թե արդյոք կլինի նաև աջակցություն՝ պայթյունից տուժած տնտեսվարողներին, Զառա Մանուչարյանը տեղեկացրեց, որ այդ հարցը նախարարության լիազորությունների շրջանակից դուրս է։

***

Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 քաղաքացի, նրանցից 15-ի ինքնությունը պարզվել է։ Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։

Պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխված 62 տուժածներից 4-ը շարունակում են բուժումը, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել: