Հայաստանի և Վրաստանի վարչապետների մասնակցությամբ շահագործման հանձնվեց «Բարեկամության» կամուրջը

Հայաստանի և Վրաստանի միջպետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետի տարածքում պաշտոնապես շահագործման հանձնվեց Դեբեդ գետի վրա կառուցված նոր կամուրջը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Ընդհանուր առմամբ կառուցվել է երկու կամուրջ՝ միմյանցից 1 մետր հեռավորությամբ: Յուրաքանչյուր կամրջի երկարությունը 11,85 մետր է, ընդհանուր լայնությունը՝ մոտ 25 մետր: Կամրջի երկարությունը 160 մետր է: «Բարեկամություն» կամրջի շինարարությունը մեկնարկել էր 2021-ի մայիսին:

«Բարեկամություն» անվանումը ստացած նոր կամրջի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու համար երկու կողմից ժամանել էին Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները: Հայ-վրացական անցակետում տեղի ունեցած հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին հանդես եկան մամուլի համար հայտարարությամբ՝ շնորհավորելով միմյանց կամրջի գործարկման կապակցությամբ:

«Անկասկած, ընդհանուր արժեք­ների և պատմական ժառանգության վրա խարսխված մեր երկու բարեկամ երկրների դարավոր կապերն ունեն նման արդիական և ժամանակի պահանջներին համահունչ կարևոր ենթակառուցվածքի կարիք, որն ամուր հենք է ստեղծում մեր հետագա ծավալուն համագործակցության համար:Առավել քան համոզված եմ, որ այսօր առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները, ՀՀ արտաքին քաղա­քա­կանության կարևոր առաջնայնություն­ներին համապատասխան, զարգացնելու և խորացնելու եղբայրական Վրաստանի հետ հետագա հարաբերությունները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացվում թե՛ ցամաքային, թե՛ օդային ուղիներով: Ինչ վերաբերում է բեռնափոխադրում­ներին, անհրաժեշտ է հավելյալ ջանքեր գործադրել և համատեղ շարունակական աշխատանքներ իրականացնել դրանց առավել դյուրին շարժն ապահովելու համար։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև երկաթուղային տրանսպորտային համագործակ­ցության և մուլտիմոդալ, մասնավորապես՝ լաստանավային փոխադրումների ընդլայնման կարևորությունը։

«Հայաստանի համար Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ դեր ունի էներգառեսուրսների, կապի և հեռահաղորդակցության հուսալի և անվտանգ մատակարարման առումով: Համագործակցության արդյունավետ մեծ փորձ կա էներգետիկայի ոլորտում: Նշված, ինչպես նաև կիբերանվտանգության ապահովման ուղղությամբ առօրյա և հետևողական աշխատանք պետք է իրականացվի համապատասխան գերատեսչությունների և կառույցների կողմից»,- ասել է նա։

Մեկնաբանել