Լոռու մարզպետը լավ է չպատասխաներ Թանգյանին

Օրեր առաջ Սերժ Թանգյանն իր ՍիվիլՆեթին տված հարցազրույցում խոսեց Թեղուտի անտառի խնդրի մասին և խոսք տվեց հետամուտ լինել այս հարցին: Հարցազրույցից մի քանի օր անց Թանգյանը Ֆիլադելֆիայում կայացած համերգի ընթացքում ելույթ ունեցավ շապիկով, որի վրա գրված էր «Թեղուտ»: Իսկ այսօր երաժիշտն ամենաքննարկվողն էր Ֆեյսբուքում: Սոց. ցանցում տարածվեց Թանգյանի վիդեո-ուղերձը, որում նա խոսում էր ոչնչացման եզրին կանգնած Թեղուտի անտառի մասին:

«Պարզվում է, Թեղուտը՝ Հայաստանի վերջին և ամենալավ պահպանված անտառներից մեկը, կանգնած է իսպառ վերացման վտանգի առջև: Պատճառը բաց եղանակով մետաղական հանքի պլանավորվող շահագործումն է, որի արդյունքում առաջանալու են 500 միլիոն տոննա խիստ թունավոր թափոններով պոչամբար, և 600 միլիոն տոննա այլ թափոններ», – նշում էր իր խոսքում երաժիշտը:
Խոսելով հանքաարդյունաբերության մասին` Սերժ Թանգյանն ասում է, որ տեղի բնակիչները անգիտակցաբար են ձգտում ունենալ աշխատանք`վտանգելով իրենց առողջությունը: Երաժիշտը կարծում է, որ կարելի է բազում այլ եկամտի աղբյուրներ գտնել բնությամբ հարուստ այդ տարածքում:

Այս ուղերձը երկար անպատասխան չմնաց: Հանքը շահագործող ընկերության իրավապաշտպանի դերն իր վրա ստանձնեց Լոռու մարզպետը: Խոսելով այն մասին, թե որքան էլ մեզ` հայերիս համար մեծ է Սերժ Թանգյանի ներդրումն իբրև երաժշտի, սակայն մարդկանց համար աշխատանքն ունենալն ու ծանր սոցիալական վիճակը հաղթահարելը ևս չափազանց կարևոր է: Նույնիսկ, եթե դա արվում է անտառի և բնության հաշվին`«Ցավով կարելի է արձանագրել, որ բնությունը պահպանելու բարձր գաղափարը երբեմն կարող է ծայրահեղացվել և ուղղվել մարդու կյանքի սոցիալական և տնտեսական նախապայմաններն ապահովող գործոնների դեմ:
Հանքարդյունաբերությունն այսօր Հայաստանի տնտեսության հենասյունն է և իրական հատվածի առաջատարը: Բարեկեցիկ և հզոր հայրենիք կառուցելու մեր առավել արդյունավետ ճանապարհը հայրենի հողի ու ընդերքի հարստությանն ապավինելն է, մեր նախնիների օրինակով՝ քարից հաց քամելը»:

Լոռու մարզպետը նույնիսկ համեմատում է լոռեցիների ընդերքից հանած մետաղը Սերժ Թանգյանի արվեստի խորհրդանիշ համարվող «մետաղի» հետ: Մեջբերում եմ` «Քո հազարավոր լոռեցի երկրպագուների մեջ քիչ չեն մարդիկ, ովքեր ընդերքից կորզում են կամ վերամշակում քո արվեստի հիմնական խորհրդանիշը` մետաղը և դրանով ապահովում են իրենց ընտանիքների հանապազօրյա հացը»:

Շտապեմ հիասթափեցնել Ձեզ, պարոն մարզպետ, և ասել, որ Սերժ Թանգյանն ու իր արվեստը կապ չունեն «մետաղի» հետ և եթե Դուք նույնքան լավ եք հասկանում հանքարդյունաբերության և բնապահպանության խնդիրներից, որքան որ ռոք երաժշտությունից, կխնդրեմ այլևս որևէ խորհուրդներ չտաք:

Հեղինակ` ռոքասեր բնապահպան

Մեկնաբանել