Ցույց Ստեփանակերտում՝ Լաչինի գործող ճանապարհը ժամկետից շուտ չհանձնելու պահանջով

Օգոստոսի 19-ին Ստեփանակերտի կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ ցույց՝ Լաչինի գործող ճանապարհի պահպանման պահանջով։

Ինչպես հայտնի է, օգոստոսի 25-ից Արցախի ու Հայաստանի միջև գործարկվելու է նոր ճանապարհ, իսկ Լաչին քաղաքով անցնող գործող ճանապարհը հանձնվելու է Ադրբեջանին։ Ցույցի կազմակերպիչներն էին Արցախի հեղափոխական կուցակցությունը, «Արցախի փրկություն» շարժումը և հասարակական այլ կազմակերպություններ։

Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը նախ ռուսերեն ելույթ ունեցավ և ասաց, որ մինչև ենթակառուցվածքները (գազատար, ինտերնետ, էլեկտրահաղորդման գծեր) չփոխադրվեն նոր երթուղի, և մինչև չհավաստիանանք, որ ճանապարհը որակյալ է, չպիտի զիջենք գործող ճանապարհը։

«Սա ոչ թե խախտում է, այլ, կարելի է ասել, նոյեմբերի 9-ի պայմանավորվածության չեղարկում է, որովհետև 6-րդ կետում պարզ գրված է, որ նոր ճանապարհի նախագիծը պիտի հաստատվի կողմերի պայմանավորվածությամբ։ Իսկ առաջին կետում նշված է, որ կողմեր են Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը։ Քանի որ չկա Հայաստանի Հանրապետության համաձայնությունը, իսկ եթե նույնիսկ լիներ Արցախի Հանրապետության իշխանությունների հաաձայնությունը, միևնույն է՝ սա խախտում է։ Եվ մենք պայքարելու ենք թշնամու ագրեսիայի դեմ, որ մեր իշխանությունների նկատմամբ ճնշմամբ փորձում է ստանալ շահեկան դիրքեր։ Ռուսաստանի անմիջական պարտականությունն է զսպել Ադրբեջանի ամբիցիաները»,- ասաց Օսիպյանը։

Նա մեջբերեց Երևանում Ռուսաստանի դեսպանության դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովին, որն «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի։ «Այս հայտարարությունից հետո մենք դեռ կհամարենք, որ Ռուսաստանը կատարում է իր պարտավորությունները։ Եթե սա տեղի չունենա, մենք մեզ այլ ճանապարհներ փնտրելու իրավունք ենք վերապահելու»,- ասաց Օսիպյանը։

Արդեն հայերենով նա անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օգոստոսի 12-ին արած հայտարարությանը Լաչինի միջանցքի այլընտրանք հանդիսացող նոր ճանապարհի վերաբերյալ։ Ըստ Ալիևի՝ Ղարաբաղում ապրող հայերը դիմել են խնդրանքով, որ ադրբեջանական կողմը կառուցի նաև 4 կմ երկարությամբ գրունտային ճանապարհ՝ մինչև այն հատվածը, որտեղ այն կմիանա Հայաստանի սահմանին։

Օսիպյանը կոշտ հարցեր հնչեցրեց Արցախի իշխանություններին․ «Հիմա, եթե նման բան չի եղել, պիտի դուրս գաք ու հերքեն։ Եթե չհերքեն, ապա մեր իշխանությունների հետ զրույցը անցնում է լրիվ ուրիշ դաշտ»։

Օսիպյանից բացի՝ ելույթ ունեցավ «Արցախի փրկություն» շարժման անդամ Աշոտ Սարգսյանը, այլ ակտիվիստներ։

Մեկնաբանել